01/04/2024 14:07
Եթե ՀՀ-ն հրաժավի Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից, կլեգիտիմացնի ադրբեջանական «ավարը». Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանը հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել ադրբեջանական «ավարի» լեգիտիմացումը, սկսել է ճնշել ՀՀ իշխանություներին, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ որ վնասները էական են լինելու, ուստի պետք է ձեռնպահ մնալ նման գործընթացներից։
«Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ կհրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, որովհետև մենք չունենք սիմետրիկ վիճակ։ Եթե երկկողմանի ագրեսիա լիներ, երկկողմանի հանցագործություններ, զավթումներ ու էթնիկ բնաջնջումներ լինեին և երկու կողմերը հավասար մոտեցում ցուցաբերեին, միգուցե սա ընդունելի կլիներ, բայց մենք ցանկանում ենք ոչ հավասար կարգավիճակում ունենալ հավասար լուծումներ, ինչը անխուսափելիորեն ծնելու է անարդարություն»,-ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ կան միջազգային ատյաններ, որտեղ կարող է դիմել միայն պետությունը։
«Օրինակ՝ ՄԱԿ-ի միջազգային արտյաններում կողմ չեն կարող լինել անհատները և սա էապես ազդեցություն կունենա իրավական գործընթացների վրա։ Օրինակ՝ խտրականության ձևերի խնդիրներ անհատները չեն կարող ներկայացնել ՄԱԿ-ի դատարան»,-ասաց նա։