01/04/2024 12:05
ԼՂ-ից բռնի տեղահանված 397 անձ մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով արդեն աշխատում է. Փոխնախարար
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով 397 պայմանագիր կա ստորագրված, ընթացքի մեջ են նոր պայմանագրերը, այսինքն՝ կարելի է ասել պաշտոնապես՝ այս ծրագրով սկսել է աշխատել 397 անձ։ Հրավիրված ասուլիսին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նա ծրագրից մանրամասներ հայտնեց, ըստ որի, ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրորդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։
«Յուրաքանչյուր բաղադրիչն ունի իր առանձնահատկությունները, ուսուցման բաղադրիչով՝ պետությունը փոխհատուցում է ուսուցման վարձը՝ մինչև 50 000 դրամ, որից հետո կնքում է առնվազն 3 ամսով աշխատանքային պայմանագիր, որի ընթացքում պետությունը յուրաքանչյուր ամիս փոխանցում է եկամտահարկի բոլոր ծախսերը՝ մինչև 50 000 դրամ»,-ասաց փոխնախարարը։
Պրակտիկայի դեպքում առնվազն 6 ամիս աշխատանքային պայմանագիր պետք է կնքել, որից 3 ամսվա ընթաքցում պետությունը գործատուին փոխանցում է աշխատավարձի չափը, ներառյալ հարկերը՝ մինչև 160 000 դրամ։ 3 ամսից հետո աշխատողին փոխանցում է եկամտահարկը՝ մինչև 50 000 դրամ։
Երրորդ բաղադրիչը, ըստ նրա՝ համադրությունն է երկու բաղադրիչի՝ հետո կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամսով, պրակտիկայի համար ևս փոխանցվում է աշխատավարձը, հետո արդեն եկամտահարկի փոխանցումն է։
«Տարբեր շահառուների համար տարբեր մոտեցումներ կան աշխատանք գտնելու համար, ուսուցման դեպքում մասնագիտություն ձեռք բերել են ուզում, կան որ բազային գիտելիքներ ունեն, սակայն աշխատանքի հիման վրա փորձ պետք է ձեռք բերեն։ Իսկ երրորդ բաղադրիչով փորձում ենք օգնել առավել մեծ խնդիրներ ունեցող և խոցելի խմբին, ովքեր գիտելիքի պակաս ունեն, կարող են նաև պրակտիկա անցնել և աշխատանք իրականացնելով փորձ են ձեռք բերում»,-ասաց նա։
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այս պահին առավել շատ պրակտիկան են նախընտրում։