01/04/2024 12:39
ՀՀ-ում հանցագործության դեպքերն աճել են
Դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման համաձայն՝ 2023 թ.-ին ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք (2022 թվականին՝ 37.612), այսինքն՝ 100.000 բնակչին բաժին է ընկնում 1357 դեպք (2022 թվականին՝ 1263)։
Նշված դեպքերից 20.231-ը՝ Երևան քաղաքում (2022 թվականին՝ 21.604): 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8.1%-ով: 2023 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների նվազում:
Միաժամանակ, աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: 2022 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1257-ով կամ 5.9%-ով (2022 թվականին՝ 21.281, 2023 թվականին՝ 20.024), միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2477-ով (2022 թվականին՝ 10.371, 2023 թվականին՝ 12.848) կամ 23.9%-ով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 1036-ով կամ 20.4%- ով (2022 թվականին՝ 5080, 2023 թվականին՝ 6116), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 798-ով կամ 90.7%-ով (2022 թվականին՝ 880, 2023 թվականին՝ 1678):
Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական՝ 798 դեպքով աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119.0%-ով), որոնցից 1132-ը հանկարծամահության դեպքեր են, որոնք մինչև 2022 թվականի 2-րդ կիսամյակ որպես հանցագործության դեպքեր չէին հաշվառվում։ Հետևաբար, կարելի է փաստել, որ 2023 թվականին կատարվել է 546 առանձնապես ծանր հանցագործության դեպք (2022 թվականին՝ 396 դեպք):
Հանցագործության 40.666 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 80.9%-ը, ոչ մեծ (20.024 դեպք կամ 49.3%) և միջին ծանրության (12.848 դեպք կամ 31.6%-ը) հանցագործություններն են, այսինքն՝ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցագործությունները: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 4.1% (2022 թվականին՝ 2.3%), իսկ ծանր հանցագործությունները՝ 15.0% (2022 թվականին՝ 13.5%):