01/04/2024 11:46
«Անձնազոհությունը հասու է նվիրյալներին». հրապարակվել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Հաղորդման տասը բաժիններում ներկայացված են Դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաղորդման նախաբանում, մասնավորապես, նշել է.
«Հավատարիմ թափանցիկության և հաշվետվողականության գործելաոճին՝ Դատախազությունն իր առջև խնդիր է դրել բարձրացնել արդարության նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահությունը, անզիջում պայքարել հանուն հանրային բարիքի պաշտպանության և օրենքի գերակայության ապահովման։
Կարծում եմ՝ վերոնշյալ մոտեցման արդյունքն է այն, որ 2023 թվականի դեկտեմբերին անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ գոհունակության ցուցանիշով Դատախազությունը, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8 տոկոսային կետով բարելավել է իր դիրքերը. Դատախազության աշխատանքից լիովին գոհ և ավելի շուտ գոհ է ՀՀ քաղաքացիների 39%-ը:
2023 թվականին մեր աշխատանքային առաջնահերթություններից են եղել և 2024 թվականին շարունակելու են մնալ կոռուպցիայի դեմ պայքարը, պետական և համայնքային շահերի պաշտպանությունն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։
Կոռուպցիայի դեմ պայքարն ու հանրային բարիքի պաշտպանությունը վերացական հասկացություններ չեն. դրանք մեր սահմանադրական մանդատի առանցքն են, դրանք այն արժեքներն են, որոնք մենք պաշտպանում ենք։
Կոռուպցիան քայքայում է ժողովրդավարության հիմքերը, խաթարում է հանրային վստահությունն ու խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Մեր հանձնառությունը, պատժողական քաղաքականությունից բացի, հստակ ուղերձ է՝ կոռուպցիան չի՛ հանդուրժվելու։
Հանրային բարիքի պաշտպանության համատեքստում Դատախազության հանձնառությունը ներառում է գործառույթների լայն շրջանակ՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունից մինչև պետական և համայնքային շահի պաշտպանության հայցի հարուցում։
Հուսով եմ՝ Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը բոլոր գործընկերների՝ հատկապես տեսաբան ու պրակտիկ իրավաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների համար կդառնա ուսումնասիրության վստահելի աղբյուր:
Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին և իրավապահ համակարգի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝
Պետությանն են վերադարձվել գույքեր և դրամական միջոցներ,
Մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել նախորդ տարվա ցուցանիշը կրկնակի գերազանցող թվաքանակով գործեր (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող գործեր),
Հետևողական աշխատանք է տարվել տուժողների և իրենց իրավունքների պաշտպանության նպատակով Դատախազություն դիմած անձանց հետ և այլն:
Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»: