02/04/2024 20:01
Էքսպրես դիետաների պատճառած վնասն առողջությանը
Կիլոգրամներ կորցնելու և սլացիկ կազմվածք ձեռք բերելու ճանապարհին ցանկալի չէ շտապելը։ Երբեմն արագ կորցրած կիլոգրամները վերադառնում են ավելի արագ և կրկնակի ծավալով։
Նույնիսկ ամենանուրբ դիետան կարող է ունենալ անցանկալի հետևանքներ։ Այնուամենայնիվ շատերը, ցանկանալով հնարավորինս շուտ տեսնել փոփոխություններ, պատրաստ են սննդի ամենախիստ սահմանափակումներ կատարել։
Դիետոլոգների կարծիքով՝ քաշի կորստի անվտանգ ցուցանիշը շաբաթական մինչև 1 կգ-ն է։ Եթե կորցնեք դրանից ավելին, կարող են լուրջ բարդություններ առաջանալ։
Մի քանի պատճառ, որ օրգանիզմի վրա նման «փորձարկումները» վատթարացնում են առողջությունը.
Իմունիտետի նվազում
Դիետաները, որոնք ներառում են կալորիականության մեծ դեֆիցիտ և սննդակարգից հիմնական սննդանյութերի վերացում, մեծացնում են մեր զգայունությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Դիետայի դեպքում օրգանիզմ մտնող վիտամինների ու հանքանյութերի քանակը կտրուկ նվազում է։ Սա ոչ միայն թուլացնում է իմունային համակարգը, այլև կրճատում է կյանքի տևողությունը, պարզել են Ստենֆորդի գիտնականները: Երբ մարդը սկսում է խիստ դիետա պահել, նրա օրգանիզմը ենթարկվում է ուժեղ սթրեսի։ Արդյունքում արյան մեջ մեծանում է կորտիզոլի կոնցենտրացիան՝ հորմոն, որը ճնշում է վիրուսների և բակտերիաների նկատմամբ բնական բորբոքային պատասխանները։ Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների կարծիքով՝ սթրեսի մեկ այլ տհաճ հետևանք է քաղցր և բարձր կալորիականությամբ մթերքների նկատմամբ հակման աճը։
Վերարտադրողական համակարգի խաթարում
Էքսպրես դիետաների սիրահարները խնդիրներ են ունենում իրենց վերարտադրողական համակարգի հետ։ Հատկապես, եթե նրանք սննդային սահմանափակումները համատեղում են հոգնեցուցիչ մարզումների հետ: Կանանց մոտ դաշտանային ցիկլի խախտումներ կարող են առաջանալ էական օմեգա-3 ճարպաթթուների կամ վիտամին D-ի պակասի պատճառով. այս նյութերը պատասխանատու են կանացի սեռական հորմոնների արտադրության համար:
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ սննդային մանրաթելերի ավելցուկը նվազեցնում է էստրոգենի մակարդակը, որը կարգավորում է դաշտանային ցիկլը։ Եթե մեծ քանակությամբ մանրաթել եք օգտագործում, ամենորեայի (դաշտանի բացակայություն) վտանգը տասնապատկվում է: Միևնույն ժամանակ, բանջարեղենի և մրգերի մեջ պարունակվող սննդային մանրաթելերն ամենամեծ ազդեցությունն ունեն վերարտադրողական համակարգի աշխատանքի վրա։ Մեկ այլ գործոն, որը կարող է խանգարել դաշտանային ցիկլը, արդեն նշված կորտիզոլի բարձր մակարդակն է։
Տրամադրության փոփոխություններ
Քաշի հանկարծակի կորուստը կարող է լուրջ վնաս հասցնել նյարդային համակարգին։ Ցանկացած ծայրահեղ դիետա հանգեցնում է սննդային անբավարարության և որոշակի հորմոնների՝ սերոտոնինի, դոֆամինի, օքսիտոցինի, կորտիզոլի և լեպտինի անհավասարակշռության: Դրա պատճառով նիհարող մարդը տրամադրության հաճախակի տատանումներ է ունենում, դառնում է նյարդային և դյուրագրգիռ։ Իսկ էնդոկրին փոփոխությունները, որոնք ուղեկցում են քաշի հանկարծակի կորստին, առաջացնում են դեպրեսիա և անհանգստություն:
Այս եզրակացությանն են հանգել Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողները։ Նրանց խոսքով՝ էստրոգենն ու օքսիտոցինը օգնում են հաղթահարել սթրեսը։ Եվ ընդհակառակը, այս հորմոնների ցածր մակարդակը մեծացնում է անհանգստությունը և անհանգստացնող մտքերի պատճառ է դառնում: Բացի այդ, էքսպրես դիետաների ժամանակ կալորիաների պակասի պատճառով օրգանիզմը սկսում է խնայել ռեսուրսները. մարդը դառնում է պակաս ակտիվ և ավելի վատ է կենտրոնանում։
Թույլ մաշկ և կնճիռներ
Էքսպրես դիետաներ հասցնում են քաշի կորստի՝ մարմնից հեղուկը հեռացնելու միջոցով: Հնարավոր հետևանքները ներառում են գլխացավեր, հոգնածության ավելացում, ջրազրկում և նյարդային բջիջների մահ: Բացի այդ, ջրի բացակայության պատճառով առաջանում է այտուց, հյուսվածքները կորցնում են առաձգականությունը, մաշկը չորանում է, եղունգները՝ փխրուն դառնում, մազերը՝ թուլացած։ Բացի այդ, ջրի կորստի պատճառով կորցրած քաշը սովորաբար արագ վերադառնում է: Եթե մարդը կարճ ժամանակահատվածում նիհարում է մի քանի տասնյակ կիլոգրամով, ապա նրա մաշկը ժամանակ չի ունենում արձագանքելու փոփոխություններին ու կախվում է, իսկ կնճիռներն ավելի ընդգծված են դառնում։
Գեղեցկության և առողջության մեկ այլ բաղադրիչ ճարպերն են։ Ավելին, ծայրահեղ դիետաների մեծ մասը ենթադրում է դրանց սպառման կտրուկ կրճատում կամ սննդակարգից լրիվ բացառում։
Մկանային տոնուսի նվազում
Կալորիականության դեֆիցիտի տհաճ հետևանքներից մեկը նյութափոխանակության գործընթացների դանդաղումն է, ներառյալ ճարպերի այրումը: Այսպիսով, մարմինը ձգտում է խնայել յուրաքանչյուր մուտքային կալորիա և փոխհատուցել էներգիայի ծախսերը: Արդյունքում ոչ միայն առաջանում է «սարահարթի էֆեկտը» (երբ քաշը մի կետում սառչում է), այլև նոր մկանային մանրաթելերի սինթեզը դանդաղում է։
Բացի այդ, կալորիաների կտրուկ նվազումը ստիպում է օրգանիզմին փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Մկանները դառնում են դրանցից մեկը. նրանք շատ ավելի ակտիվ են «այրվում», քան ճարպային հյուսվածքը։ Փաստն այն է, որ սթրեսային դիետաների ժամանակ մարմնի հիմնական խնդիրը գոյատևումն է, և մկանները լրացուցիչ բալաստ են, որոնք չափազանց շատ կալորիաներ են սպառում։
Ճարպի կուտակում
Օրգանիզմը կշարունակի մեծացնել ճարպային հյուսվածքի ծավալը՝ պահուստային էներգիայի պաշարները, նույնիսկ սովորական սննդակարգին վերադառնալուց հետո։ Ահա թե ինչու այդքան դժվար կարող է լինել դիետաներից հետո դրանց արդյունքի պահպանումը. քաշը գրեթե միշտ վերադառնում է իր սկզբնական մակարդակին կամ էլ ավելի է մեծանում: Ճարպային հյուսվածքի ձևավորմանը նպաստում է նաև սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը։
Էքսպրես դիետաների դեպքում խանգարվում է նաև ախորժակը կարգավորող հորմոնների արտադրությունը։
Լեղաքարեր
Համարժեք սնուցման բացակայությունը կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի տարբեր խանգարումներ՝ փքվածություն, փորկապություն, դանդաղ մարսողություն, գաստրիտ, խոցեր: Հետևանքները կարող են ավելի սարսափելի լինել, եթե ցածր կալորիականությամբ դիետան ուղեկցվի լուծողական, ճարպ այրող կամ քաղցը ճնշող հատուկ խթանիչներ ընդունելով: Այս դեղերի մեծ մասը սպառում է օրգանիզմի ռեսուրսները և բացասաբար է անդրադառնում կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Բացի այդ, քաշի արագ կորուստը մեծացնում է լեղապարկի քարերի առաջացման հավանականությունը։ Ճարպերն այրելիս լյարդը խոլեստերին է արտազատում մաղձի մեջ։ Եթե դրա կոնցենտրացիան չափազանց բարձր է դառնում, մաղձը բյուրեղանում է և վերածվում քարերի։ Յուրաքանչյուր ոք, ով կորցնում է շաբաթական ավելի քան 1,5 կգ, գտնվում է այդ վտանգի տակ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ