02/04/2024 21:45
Ինչպե՞ս տարբերել սուտը ճշմարտությունից․ Հնարքներ ու ժեստեր, որոնք մատնում են ստախոսին
Մարդիկ ստում են ամենատարբեր պատճառներով, և շատերին թվում է, թե կյանքում հեշտ է սուտը տարբերել ճշմարտությունից։ Իրականում, սակայն, վարպետացած ստախոսներին բացահայտելն այնքան էլ հեշտ չէ, նրանք տարիների ընթացքում կատարելագործվում են։
Սուտը հատկապես վտանգավոր է, եթե հնչում է քաղաքական գործիչների կողմից՝ հասարակությանը այս կամ այն կարևոր հարցի շուրջ սխալ տեղեկություններ փոխանցելու, մարդկանց մոլորեցնելու կամ մանիպուլացնելու, սեփական արարքները քողարկելու և այլ նպատակներով։
Սուտն իրականությունից տարբերելու հարցում կարող է օգնել մարդու որոշակի ժեստերի ուսումնասիրությունը։ Չէ՞ որ սուտ խոսելիս մարդը, որքան էլ «վարպետ» լինի, ներքուստ, ենթագիտակցական մակարդակում, այնուամենայնիվ, լարվում է, ինչն էլ արտաքուստ արտահայտվում է նրա ժեստիկուլյացիայի միջոով։
Ահա ստախոսների մի քանի հնարքներ ու ժեստեր, որոնք կօգնեն կողմնորոշվել՝ իրականությունը կեղծիքից տարբերելու հարցում։
Մարդու ապրած էմոցիան սինխրոն ու համահունչ է նրա խոսքին։ Ուստի, եթե ստախոսն ասում է, որ ինչ-որ բանից շատ վշտացած է, սակայն նրա դեմքին տխուր արտահայտություն է հայտնվում խոսքից ուշ, ապա նա պարզապես դեր է խաղում։
Ստախոսը միշտ վախենում է, որ կբռնվի, այդ պատճառով էլ խոսքն սկսում է դանդաղ, սակայն աստիճանաբար ավելի ու ավելի արագացնում է խոսքի տեմպը՝ ասածն արագ ավարտելու և լսողի համար պատմածը մինչև վերջ ընկալելի չդարձնելու, նրան խճճելու նպատակով։
Ստախոսը կարող է նաև հակառակ էֆեկտը կիրառել՝ խոսելիս հաճախակի դադարներ անել՝ այն նպատակով, որպեսզի դադարների ընթացքում ստուգի լսողի կամ լսողների ռեակցիան և ըստ այդմ շարունակի իր հետագա շարադրանքը։
Ստախոսը խոսելիս, հատկապես ելույթ ունենալիս, կարող է կտրուկ ընդհատել սեփական խոսքը, անցնել բոլորովին այլ թեմայի։ Դա նույնպես շեղող հնարք է։
Պրոֆեսիոնալ ստախոսը, որպես կանոն, ելույթ ունենալիս նույն արտահայտությունը կամ նույն արտահայտությունները հաճախակի կրկնում է, հարցին պատասխանելուց առաջ դադար է վերցնում՝ հետագա խոսքն իր ուզած ձևով ձևակերպելու համար, իսկ խոսքի տեմպը երբեմն հարթ չի լինում։
Հանկարծակի հայտնված հազը ևս օգնող հնարք է ստախոսի համար։ Որևէ բան այնպես չասելու և տեղի ունեցածը շտկելու համար ստախոսը կարող է սկսել հազալ, ինչը նաև հավելյալ դադար կլինի նրա համար՝ խոսքն իր ուզած ձևով շարունակելու համար։ Հազի միջոցով կարելի է նաև ուշադրություն շեղել։
Հոգեբանները վաղուց նկատել ու ֆիքսել են, որ սուտ խոսելիս՝ մարդը հայացքը զրուցակցից ձախ, ապա՝ ներքև է թեքում՝ իրականությանը հնարավորինս մոտ սուտ ձևակերպելու համար հարմար խոսքեր գտնելու կամ նոր պատմություն հորինելու համար։
Գիտակցված, կոնկրետ նպատակով սուտ խոսողը դիմացինի աչքերին ամբողջ խոսակցության ընթացքում սովորականից ավելի երկար երկար է նայում՝ 75 տոկոսով՝ նորմ համարվող 50 տոկոսի փոխարեն։ Այսպես ստախոսն ուսումնասիրում է զրուցակցի դեմքի արտահայտությունը՝ «չափելով» իր ստի ընկալման աստիճանը։
Ստախոսին մատնող շարժումներից են՝ մարմնի այս կամ այն մասը քորելը, ինչպես նաև խոսելիս՝ անհանգիստ շարժումներ անելը։
Եթե ստախոսին իր համար տհաճ հարց են տալիս, նա սեղմում է շուրթերը, կարող է նաև ձեռքերով դեպի ինքն իր կողմ ձեռքի շարժումներ անել։
Սուտ խոսողները հաճախ ձեռքով դիպչում են սեփական դեմքին, ամենից հաճախ՝ աչքերին։ Տղամարդիկ, օրինակ, տրորում են աչքերը։ Այսպիսով ստախոսը սահմանափակում է իր հետ զրուցակցի տեսողական կոնտակտը։
Սուտ խոսողը ձեռքը տանում է նաև ականջներին կամ վիզն է քորում։ Ընդ որում, վերջին ժեստը կարող է հաճախակի կրկնվել։
Հոգեբանները խորհուրդ են տալիս ուշադիր լինել՝ ա՞ջ, թե՞ ձախ ձեռքով է ստախոսը բնորոշ շարժումներ անում։ Որպես կանոն, ստախոսը ժեստիկուլյացիայի ժամանակ ավելի շատ ձախ ձեռքն է օգտագործում, ձախ ձեռքով է անում նաև բնորոշ այլ շարժումները՝ վիզը քորելը, աչքերին, քթին, ականջներին դիպչելը կամ տրորելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն