02/04/2024 12:41
ՀՀ կառավարությունը ժողովրդի աչքին «թոզ է փչում»
«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը Մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսին դիմելով ՀՀ կառավարությանը՝ նշեց, թե ինչու են խուսափում հանդիպել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամների հետ, որը ավելի քան 4 տասնյակ ՀԿ-ների և ակտիվ անհատների խորհուրդ է։
«ՀՀ կառավարությանն եմ դիմում, եթե այդպես ազնիվ եք ու ցանկանում եք լսել ժողովրդի կարծիքը, այս նախաձեռնության մեջ մարդիկ կան, որ պրոֆեսիոնալ կարող են մոտենալ այդ հարցին, բայց դուք խուսափում եք մեզնից, ինչի՞ համար։ Եթե այդպես ազնիվ եք, իրական մտահոգված եք արցախցիների հարցին իրատեսական լուծում տալու հարցով, ապա ի՞նչն է խոչընդոտում նախաձեռնության անդամների հետ հանդիպել։ Բազմիցս հայտարարել ենք մեր ցանկության մասին։ Նրանք իրականում իրականացնում են իմիտացիա, ժողովրդի աչքին թոզ են փչում»,-ասաց նա։
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչ Սոնա Համբարձումյանը նշեց, որ մարտի 20-ի հանրահավաքից հետո իրենք կառավարությանն ուղղել են հանրագիր, ապա նաև ԱԺ-ից խնդրել լսումներ անցկացնել, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել։
«Կառավարությանն ուղղված մեր հանրագիրը ո՛չ հրապարակվեց, ո՛չ հետ ուղարկվեց»,-ասաց Սոնա Համբարձումյանը։
Ըստ նրա՝ կառավարությունը որպես այդպիսին բնակարանային ապահովման որևէ նախագիծ չի ներկայացրել և ուստի իրենք էլ չեն կարողանում իրենց դիտողությունները ներկայացնել։
«Սա դիտում ենք որպես հանրային քննարկմանը քաղաքացիներին ոչ պատշաճ վերաբերմունք»,-ասաց նա։
Մարտի 6-ից հետո, իհարկե, որոշակի հանրային քննարկումներ և հանդիպումներ արցախցիների հետ կառավարությունը նախաձեռնել է, բայց դրանք ներկայացուցչական չեն եղել։
«Հաճախակի տեսնում ենք, որ իշխանությունները հանրային քննարկման իմիտացի են անում»,-ասաց նա և նշեց, որ կարևոր է հանդիպումը ոչ միայն արցախցիների հետ, այլև ՀԿ-ների հետ, որ ներկայացուցչական մասնագիտացված խմբեր են, նաև ԱՀ պետական մարմինների հետ է կարևոր հանդիպումը, որը, ըստ նրա, Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներն են։
«Այս նախաձեռնությունը, որ շուրջ 40 ՀԿ-ներ ունի, բազմահազարանոց հավաք է ունեցել, հետևաբար, ներկայացնում է հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր անձանց կարծիքը, բայց այս նախաձեռնության հետ որևէ հանդիպում չի եղել։ Մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հստակորեն կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպել, քննարկել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով»,-ասաց նա։