02/04/2024 18:36
ՀՀ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում Արցախի ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծում է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու ուղղությամբ անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակով քայլեր ձեռնարկել։
«Դա պիտի անեն կոնկրետ շահագրգիռ կողմերը, որոնց ձայնը լսելի և ազդեցիկ կարող է լինել. մասնավորապես, Հայաստանի իշխանությունները, որոնք դա անելու համար որոշակի հնարավորություններ ունեն։ Այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են մեր ռազմաքաղաքական վերնախավի հասցեին, ակնհայտ սուտ ու կեղծիք են, ինչին կարծես թե ոչ մեկը չի հակառակվում։ Չեմ կարծում, որ այս պարագայում մեր ձայնը կարող է որևէ ազդեցություն ունենալ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավորը։
Հարցին՝ Ադրբեջանն ի՞նչ խնդիր է փորձում լուծել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հնարավորինս երկար պահելով՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանել է՝ թշնամին տարբեր խնդիրներ է փորձում լուծել․ «Նախևառաջ, դա իր ոճի մեջ է։ Ամենակարևորը շանտաժն է, որովհետև լուր են դաշտ նետել, թե հարցաքննվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչը շանտաժ է՝ ուղղված բոլորիս։ Բոլորը խառնվել էին, անհանգիստ էին՝ առանց գիտակցելու, որ դա մարդու հիմնարար իրավունքների խախտում էր և որևէ կերպ չէր կարող իրավական հետևանքներ ունենալ»,- ասել է նա։
Մետաքսե Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն Ադրբեջանում մեզ համար անպատկերացնելի պայմաններում է գտնվում, նրանց նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում ․ նման պայմաններում անհնար է պնդել, որ Ադրբեջանը կեղծիքը չի ներկայացնի որպես իրականություն։
Մեկ այլ հարցի՝ Հայաստանի իշխանությունների քայլերը բավարա՞ր չեն՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանել է՝ նրանց կողմից ընդհանրապես քայլեր չկան։