02/04/2024 13:51
2023-ին Հայաստանում ապաստան է հայցել 817 մարդ․ Արմեն Ղազարյան
2023 թ.-ին Հայաստանում ապաստան է հայցել 817 մարդ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նրա խոսքով` 2020 թ.-ին ապաստան հայցողների դիմումների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, իսկ 2022-ին` 968։ Կտրուկ աճը պայմանավորված է եղել Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
«2023 թ.-ին միտումը պահպանվել է, բայց կա որոշակի նվազում` 817։ Մինչև 2022 թվականն ավանդաբար առաջին տեղերում եղել են Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիները` Սիրիա, Իրաք, Եգիպտոս և այլն»,- ասաց Ղազարյանը։
2022-2023 թվականներին առաջին տեղը զբաղեցրել են Ուկրաինայի քաղաքացիները, երկրորդ և երրորդ տեղերում են Սիրիան և Իրաքը։
Անդրադառնալով Հնդկաստանի քաղաքացիներին` ՄՔԾ պետը նշեց, որ նրանցից ապաստան ստանալու դիմում չի ստացվել։ Նախորդ տարիներին ընդամենը 1-2 դեպք է եղել։