02/04/2024 18:03
Ինչու՞ են Արխիվների միջազգային խորհրդի տնօրենն ու Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրենը Հայաստանի ազգային արխիվ այցելել
Արխիվների միջազգային խորհրդի տնօրենն ու Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրենը Հայաստանի ազգային արխիվ են այցելել։ Արխիվների միջազգային խորհրդի տնօրենը արխիվապահոցներին է ծանոթացել։ Այդ մասին Արդարադատության նախարարությունից են հայտնում։
Հաղոդագրությունում նշված է․
«Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում Ազգային արխիվի հրավերով Հայաստան էին ժամանել Արխիվների միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Կառլոս Սերանո Վասկեսը և Հնդկաստանի Ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգը։ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կառլոս Սերանո Վասկեսի և Սանջայ Գարգի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային արխիվի՝ Արխիվների միջազգային խորհրդին վերաանդամագրվելու և համագործակցությունը շարունակելու հարցերը։ Կարևորվեց Հայաստանի ազգային արխիվում իրականացվող թվայնացման գործընթացը։ Հանդիպման ավարտին Կարլոս Սերանո Վասկեսը փոխտնօրեն Արտակ Սիմոնյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ազգային արխիվում, ծանոթացավ արխիվապահոցներին ու նորաբաց ցուցասրահին։
Հնդկաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Սանջայ Գարգի հետ համաձայնություն ձեռք բերվեց՝ աշխատանքներ տանել համագործակցության հուշագիր կնքելու և կազմակերպելու համատեղ ցուցադրություններ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի փոխանակում, փաստաթղթերի պատկերագրքի կամ ժողովածուի հրատարակում, թվայանացման ոլորտում փորձի փոխանակում, ինչպես նաև կադրերի վերապատրաստում»։