02/04/2024 09:51
«Հրապարակ». Փաշինյանը լծվել է Արցախի պետական ինստիտուտների ոչնչացմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգությանը սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ ինստիտուտների ոչնչացմանը։ Շաբաթ օրը հաղորդեցին, որ մի խումբ ՔՊ-ականներ այցելել են Արագածոտնի մարզ և հանդիպել մարզում ապաստանած արցախցիներին` քննարկել նրանց խնդիրները և խոստացել լուծում տալ։
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ մի քանի տասնյակ մարդու մեջ մեկ ձեռքի վրա հաշված արցախցիներ կային հանդիպմանը, սակայն խնդիրը դա էլ չէ. նման հանդիպումներով իշխանությունն ուզում է վերջնականապես տապանաքար դնել Արցախի պետական ինստիտուտների վրա՝ ցույց տալով, որ իրենք ուղիղ շփումներով են արցախցիների խնդիրները լուծում, այլ ոչ թե արցախյան որևէ գերատեսչության կամ պաշտոնյայի միջոցով: Այսինքն՝ Արցախի պետական կառույցների ո՛չ անհրաժեշտությունը կա, ո՛չ իմաստը։ Մի բան, որ առաջարկում էր Սամվել Բաբայանը` Արցախի հանձնումից հետո. նա Փաշինյանին համոզում էր ՀԿ-ի կարգավիճակով մի կառույց ձևավորել, իրեն նշանակել ղեկավար, որ զբաղվեր արցախցիների խնդիրներով՝ փաստացի դառնալով արցախցիների ղեկավարը։
Ի դեպ, Արցախի մի խումբ ՀԿ-ների ակտիվությունն էլ է դրան միտված, խոսքն Արտակ Բեգլարյանի և այլոց ՀԿ-ների ու ակցիաների մասին է, որով փորձում էին արցախցիների թեման վերցնել իրենց ձեռքը: Սակայն առաջին հանրահավաքը տպավորիչ չէր, ուստի անցան պլան Բ-ին՝ ուղիղ շփումներին արցախցիների հետ»։