02/04/2024 10:06
«Ժողովուրդ». Ոչ մի բուհ չունի՞ ձևավորված կարծիք և տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որը սահմանում է նաև Ակադեմիական քաղաքի գաղափարը, հասարակության կողմից հավանության չի արժանանում։ Ակադեմիական քաղաքի վերաբերյալ ցանկացած առաջխաղացում առանց աղմուկ հանող լուրերի չի անցնում։
Դեռ նախորդ տարի՝ ամռանը, նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ժամանակ էր տվել՝ հայեցակարգային առաջարկություններ ներկայացնելու ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Թերևս ոչ մի բուհ հստակ առաջարկ կամ նախագիծ այդ մասով չի ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներով դիմել է ՀՀ պետական բուհեր՝ հասկանալու համար՝ ինչ վերաբերմունք կա Ակադեմիական քաղաքի վերաբերյալ, արդյոք բուհերի միավորումը նրանց համար օրակարգային է, թե ոչ։
Միայն երեք բուհից ստացանք պատասխան, որտեղ չկար հստակ ձևակերպված որոշում։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից ստացանք ռեկտորի կողմից համալսարանի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման հղումը, որտեղ ոչ փաստացի, բայց նախարարության ծրագրին հերքող արտահայտություններ կան. «Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ:
Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, և երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է»:
Հաջորդ պատասխանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից ստացանք, որ դեռ քննարկումներ են տեղի ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, ինչպես նաև հրավիրվել է ընդլայնված կազմով Գիտական խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի նախագիծը։ Վերոհիշյալ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկներով կձևավորվի բուհի տեսլականը։ Սեփական տեսլական չունի նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը. «Երբ որոշում կկայացվի այն մասին, որ Երևանում որևէ բուհ չպետք է լինի, և եթե մենք ունենանք այդ առիթով ասելիք, անշուշտ որևէ կաշկանդվածություն չենք ունենա այն արտահայտելու, այդ թվում՝ նաև Ձեր մատնանշած սահմանադրական հոդվածի համաձայն»:
Ակադեմիական քաղաքի գաղափարը մերժող համալսարանների պատասխաններից հետո ԵՊՀ-ն ուղարկեց հստակ որոշում. «Երևանի պետական համալսարանը ներգրավված է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման աշխատանքներում: Առհասարակ, կրթական ու հետազոտական գործընթացները զարգացնելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան միջավայր, քննարկումների ու վերլուծությունների հարթակներ, և այս տեսանկյունից Ակադեմիական քաղաքը կարող է լրացնել այդ բացն ու տալ որակական նոր տարածություն դուրս գալու հնարավորություն: Ինչ վերաբերում է բուհերի միջազգային հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը, պետք է նշել, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 2024 թվականի մարտի 20-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսել է թեմայի մասին՝ ըստ էության անդրադառնալով թե՛ վարչապետի հայտարարությանը, թե՛ հավատարմագրման գործընթացին»:
Հիշեցնենք նաև, որ օրերս, երբ Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր, АrmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Բրյուսովը իր ուրույն տեղը կունենա բուհերի խոշորացման ծրագրում։ Ստացվում է, որ նախարարությունը հնարավորություն է տալիս բուհերին անել առաջարկ, սակայն գրեթե ոչ մի բուհ չունի ձևավորված կարծիք և տեսլական Ակադեմիական քաղաքի նախագծի վերաբերյալ։ Ո՛չ հստակ այո կա, ո՛չ էլ հստակ ոչ։ Հենց ապակողմնորոշվածությունն էլ մեր կրթական ոլորտի իրական մոլախոտերից մեկն է»։