03/04/2024 16:32
Թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի, այլ՝ պարտադիր օրակարգ է. Երևանում անցկացվեց Doing Digital Forum-ը (Տեսանյութ)
SPRING PR ընկերության «Doing Digital միջազգային ամենամյա ֆորումն արդեն իրականություն է, այն այս տարի ունի «Հնարավորություններին ընդառաջ» խորագիրը։
Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը: Ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին շարունակ ֆորումի կողքին է, այս անգամ՝ որպես ֆինթեք գործընկեր:
Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ:
Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի գնահատմամբ՝ ֆորումը կայացավ, որովհետև թվայնացումը գլոբալ օրակարգ է։
«Եվ մենք արձագանքելով համաշխարհային օրակարգին, Հայաստան ենք բերել համաշխարհային թոփ խոսնակներին, ինչպես նաև միավորել մեր երկրում թվայնացման գործընթացներում առաջընթաց գրանցած տարբեր ընկերությունների։
Ֆորումի իրականացումը նշանակում է, որ մենք միջազգային ձևաչափ ենք բերել Հայաստան։ Մենք անընդհատ խոսում ենք թվայնացման օրակարգից, ուստի շատ պատասխանատու է, որ երկրորդ տարին ևս ֆորումը գրանցում է հաջողություններ, վստահ ենք, որ այն շարունակական է լինելու»։
Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ «digital» լինելն այլևս ոչ թե ցանկալի, այլ պարտադիր պայման է մրցունակ լինելու համար։
«Դա լինելիության միակ գրավականն է։ Երկրները, ոլորտները որպեսզի լինեն մրցունակ, պետք է գնան digital տրանսֆորմացիայի ճանապարհով։
Մենք մեր առջև դրել ենք հենց այդ նպատակը՝ Հայաստանը դիրքավորել որպես հաբ, որտեղ հատվում են թվայնացման գլոբալ գործընթացները, նորարարական տեխնոլոգիաները: Մեր երկիրն ունի այդ ներուժը»,-ասաց Տաթևիկ Սիմոնյանը։
Doing Digital Forum-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ևս համոզված է՝ թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ՝ պարտադիր։
«Եվ այս ճանապարհը մենք սկսել ենք դեռ տարիներ առաջ։ Արդեն 7-8 տարի է, ինչ մենք այդ գործընթացում ենք։ Այն արդեն ունի կոնկրետ գործնական արդյունքներ։
Ամերիաբանկն արդեն ֆինթեք ընկերություն է»,-ասաց Արման Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ բանկի գործարքների 98 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս է կատարվում, տարբեր ծառայությունների վաճառքների կեսից ավելին թվային ուղիներով է արվում։ Ակնկալում են, որ մինչև տարեվերջ վաճառքների 60 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս կլինի։
Ինչ վերաբերում է վարկերին, Արման Բարսեղյանն ասաց, որ Ամերիաբանկի մանրածախ վարկերի, փոքր և միջին բիզնեսներին ուղղված վարկերի 90 տոկոսն այլևս թվային է։
«Մանրածախ վարկերի ընդամենը 5 տոկոն է դեռևս մնում թղթային բաղադրիչով։ Կարող ենք ասել, որ Ամերիաբանկն այլևս թվային բանկ է։
Թվային փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ՝ պարտադիր։ Հաջողության համար դա անհրաժեշտ չափանիշ է, թվային տեխնոլոգիաները չօգտագործելն ուղղակի անհնար է դարձնում այսօրվա արագ փոփոխվող աշխարհում հաջողության հասնելը»։
Ֆորումի գլխավոր խոսնակը՝ աշխարհահռչակ ֆուտուրիստ և խոսնակ, միջազգային բեսթսելերների հեղինակ, Moven-ի հիմնադիր Բրեթ Քինգի գնահատմամբ՝ Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարագ զարգացող հաստատությունները ոչ թե ավանդական բանկերն են, այլ ֆինտեխնոլոգիաները գործածող ընկերությունները։
«Քննարկվում է ապագայում Հայաստանի՝ Եվրոպական Միության մասը դառնալու հարցը, որն, ըստ էության, լավ գաղափար է։ Սա Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի, բայց այստեղ Հայաստանի համար շատ կարևոր է տաղանդներ և ներդրումներ ներգրավելը»,-ասաց Բրեթ Քինգը։
Դրա համար, ըստ նրա, Հայաստանում երկու նախապայման արդեն իսկ ապահովված է․ մեկը՝ թվային վիզա ստանալու հնարավորությունն է, մյուսը՝ ինտերնետ կապի հասանելիությունը, որը շատ ավելի որակով է, քան բազմաթիվ եվրոպական երկրներում.
«Կարելի է մի փոքր ավելի մեծ ներդրումներ կատարել հեռահաղորդակցության ոլորտում, որպեսզի բանկային օնլայն ծառայություններն ավելի բարելավվեն։
Խելացի տնտեսություն ունենալու համար շատ կարևոր է բանկերի պատրաստվածությունն արհեստական բանականության ներդրմանը։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում ամենաարագ զարգացող հաստատությունները ոչ թե ավանդական բանկերն են, այլ ֆինտեխնոլոգիաները գործածող ընկերությունները, ինչպիսիք են Alipay-ը, Revolut-ը և այլն։ Նշեմ, որ ֆինանսական տոխնոլոգիական 20 հաստատությունները սպասարկում են 4 մլրդ մարդ, մինչդեռ 20 ամենախոշոր ավանդական բանկային հաստատությունները սպասարկում են ընդամենը 2.5 մլրդ մարդ։ Ֆինթեք ընկերություններն իրենց տարեկան եկամուտներն ավելացրել են 45 տոկոսով, ավանդական բանկերը՝ 15 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգն այստեղ իրոք անելիքներ ունի։ Հայաստանում չկա ֆինանսական տեխնոլոգիաների բանկային համակարգ մուտք գործելու լիցենզավորում, այստեղ ևս Հայաստանը դեռ անելիքներ ունի»,-նշեց Բրեթ Քինգը։
DDF24-ը հյուրընկալում է ավելի քան 20 խոսնակի՝ աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ներկայացնում են ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Visa, Deloitte, ICDT Global, Moven, Just Better, People Growth Organization, SPRING PR, Ameriabank, ArCa, Ucom, Balchug Capital, Apricot Capital, Fastex, Ucraft և Hoory ընկերությունները։