03/04/2024 16:41
Սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա. Փոխվարչապետի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սահմանազատում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունից ավելի քան երեք շաբաթ անց սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից տեղեկացնում են՝ երկու երկրների հանձնաժողովները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:
«Ազատությունը» փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ արդյոք սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները մտնում են գործնական փուլ, Հայաստանի սահմանազատման հանձնաժողովը համաձայնե՞լ է սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, կա՞ հստակ ժամկետ, թե երբ պետք է Ադրբեջանին վերադարձվեն պահանջված 4 գյուղերը, Բաքուն կո՞ղմ է որպես ահմանազատման հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը: Այս բոլոր հարցերի վերաբերյալ, պարզվում է, դեռ որոշում և համաձայնություն չկա. ինչպես փոխվարչապետի գրասենյակն է փոխանցում՝ քննարկումներ են ընթանում:
Չնայած սրան, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե սահմանազատման գործընթացն արդեն սկսվել է, և այն ամեն գնով պետք է առաջ մղել: ՔՊ-ականը չի հասկանում՝ ինչու պետք է գյուղացիները ընդվզեն:
«Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են։ Եթե դա ադրբեջանական տարածք է, տրվելու է իրենց, որը մեր տարածքն է, պետք է տրվի մեզ, եղա՞վ։ Իսկ գյուղացիք ինչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի… ճանապարհի հարցն էլ է լուծվելու, բոլոր հարցերն էլ լուծվելու են, բայց այն, որ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, շատ հարմար է, մի հազար հեկտար որ լիներ, վապշե լավ կլիներ», - ասաց պատգամավորը։
Բաքուն Երևանից պահանջում է անհապաղ վերադարձնել Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը: Այն, որ այդ հարցը եղել է առանցքայինը հանձնաժողովների վերջին նիստում, ավելի ուշ հայտնել էր Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահը: Իսկ այսօր արդեն իշխանական Արմեն Խաչատրյանը հաստատեց՝ Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի հյուսիսից: Իսկ ինչո՞ւ հենց Տավուշից, ՔՊ-ականն առաջարկեց հարցն ուղղել Իլհամ Ալիևին:
«Շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ և դելիմիտացիան սկսել ինչ-որ մի տեղից, որովհետև բանակցություններ չկային, անընդհատ պատերազմի վտանգ էր, անընդհատ ռազմական գործողությունների վտանգ էր։ Մի հատ դրական եղավ՝ որոշվեց, որ պետք է դելիմիտացիան սկսվի, այսինքն՝ բանակցությունները սկսվեն։ Սկսվեց, հիմա Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսից՝ հյուսիսային սահմանից, սկսենք հյուսիսային սահմանից, գնացել ենք, հա, սկսել ենք հյուսիսային սահմանից։ Հյուսիսային սահմանից հիմա գալիս ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, լուծելով գալիս ենք», - նշեց Խաչատրյանը։
Փոխվարչապետի գրասենյակից «Ազատությանը» հայտնել են նաև, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռևս պայմանավորվածություն չկա: