03/04/2024 19:25
Խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը․ վերաբնակիչներին օգնում են ապօրինաբար մուտք գործել հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ», որ հայերին դուրս մղեն (Տեսանյութ)
Այսօր կրկին բռնի ներխուժման փորձ էր արվել Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է այս կապակցությամբ Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբանների հայտարարությունը․
«Մենք, որպես Երուսաղեմի հայ համայնքը ներկայացնող փաստաբաններ, խստորեն դատապարտում ենք Իսրայելի ոստիկանության վարքագիծը, որով նրանք օգնում են իսրայելցի վերաբնակիչներին ապօրինաբար` բռնի ճանապարհով մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող «Կովերի պարտեզ»՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը (ստատուս քվոն) տեղում:
Միջազգային փաստաբանական թիմը շարունակում է իրավական բոլոր հնարավորություններով պաշտպանել Երուսաղեմի Հայկական թաղամասի և Հայ համայնքի շահերը:
Մենք տեղի ունեցածը գնահատում ենք Երուսաղեմի հայկական թաղամասի և Հայ համայնքի իրավունքների և օրինական շահերի կոպիտ խախտում, որն ունի գոյաբանական նշանակություն»: