03/04/2024 14:16
Փաշինյանն այլ ելք չուներ, քան վերակողմնորոշվել դեպի Արևմուտք․ Գարի Կասպարովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն այլ ելք չուներ, քան վերակողմնորոշվել դեպի Արևմուտքը․ ասել է շախմատի աշխարհի 13-րդ հայազգի չեմպիոն, ռուսաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարի Կասպարովը, ով ծնվել է Բաքվում։
Նա ուկրաինացի հայտնի հաղորդավար, լրագրող Դմիտրի Գորդոնի հետ տեսազրույցում նշել է, որ իրենք Բաքվից փախել են ոչ թե նրա համար, որ ցանկանում էին, այլ որովհետև Ադրբեջանում եղել են էթնիկ զտումներ։
«Հայաստանի հետ կապ ունեցող ցանկացած մարդ Ադրբեջանում էթնիկ զտումներն անմիջապես ասոցացրել է ցեղասպանության սարսափելի հիշողության հետ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հիմնականում կապված է նրա հետ, թե ինչքանով է Թուրքիան պատրաստ ընդունել 1915թ․-ի Հայոց ցեղասպանությունը։
Հարցին, թե ինչո՞ւ հնարավոր չէ, որ հայերն ու ադրբեջանցիները դառնան լավ հարևաններ, այնպես, ինչպես եղավ Իսրայելի և Գերմանիայի դեպքում՝ աշխարհահռչակ գրոսմայստերը հակադարձել է, թե համեմատությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ, օրինակ, Բեռլինը պաշտոնապես ճանաչել է հրեաների Հոլոքոստը, իսկ Թուրքիան առ այսօր չի ընդունում 1915 թ․ հայերի դեմ կատարած Հայոց ցեղասպանության փաստը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն այլ ելք չուներ, քան վերակողմնորոշվել դեպի Արևմուտք։
«Կարծում եմ՝ ամենից շահեկան իրավիճակն Արցախի հարցը կարգավորելու տեսակետից, այն ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումն էր, ըստ որի, փոխզիջումային ելք պիտի լիներ»։
Առավել մանրամասն՝ այստեղ։