03/04/2024 10:44
Ֆրանսիան ակնհայտ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությանը, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ՝ նշել է, որ «Ֆրանսիան ակնհայտ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում է խաղաղության գործընթացին»։
«Ֆրանսիայի կողմից Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը ցույց է տալիս, թե որքան կեղծ է այս երկրի վարած քաղաքականությունը։ Անընդունելի է, որ ֆրանսիական կողմը, որը լայնորեն զինում է Հայաստանին և խրախուսում տարածաշրջանում միլիտարիզմը, Ադրբեջանին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ»,- ասել է նա։
Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիայի դիրքորոշումը ոչ մի օգուտ չի բերի։ «Ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ քանի դեռ իր ավերիչ գործունեությունը չի դադարեցրել, սա օգուտ չի բերի ո՛չ իր, ո՛չ էլ Հայաստանի խաթարված իմիջին, որին ամեն կերպ պաշտպանում է»,-ասել է նա։
Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում։