03/04/2024 17:08
«Հիսուս Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ՝ բոլորիս կյանք տալու համար․ Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է՝ նա կյանք է ստանում մեր մահերով»․ Արմեն Աշոտյան
«Ոնց որ ծանր ինֆարկտով մարդու համար կարդիոբրիգադ կանչելու փոխարեն, տան վաճառքի գործակալ կանչեն»,- դատական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ է սպասվում ըստ նրա՝ ապրիլի 5-ին Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումից։
Դիտարկմանը, թե Փաշինյանն իրեն համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Հիսուս Քրիստոսը մահացավ, հետո հարություն առավ բոլորիս կյանք տալու համար, հիմա Նիկոլի պարագայում ճիշտ հակառակն է․ նա կյանք է ստանում մեր մահերով»։
Խոսելով ապրիլյան պատերազմի տարելիցի մասին, որը, լրագրողի դիտարկմամբ, իշխանությունների համար աննկատ անցավ, Արմեն Աշոտյանը նշեց․ «2018-ի հեղաշրջումը 2016-ին ՀՀ-ն ծնկի չբերելու տապալված ծրագրի հետևանք է»։
«Գելափի» հարցումներով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Լրագրողի հարցին, թե այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի «հարությունն» ակնկալվո՞ւմ է, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Սատանան հարություն չի առնում, սատանան պարբերաբար կյանք է ստանում՝ մինչև վերջնական մահը»։