03/04/2024 13:24
ՀԱՊԿ-ը չի գործում ու չի էլ կարող գործել. այդ համակարգում մենք չենք լինելու, բացառվում է, իսկ 102-րդ ռազմաբազան կհանենք այն ժամանակ, երբ պետք լինի. Արմեն Խաչատրյան
Հայաստանը երբեք այսքան բարձր սուբյեկտայնություն չի ունեցել, ինչքան հիմա, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային։
Ըստ նրա՝ Հայաստանի հետ հաշվի են նստում և՛ Արևմուտքը, և՛ ԱՄՆ-ն։
«Այն ժամանակ, այո՛, Մարիա Զախարովայի երկրում էին որոշում, թե Հայաստանն ուր գնա և այլն»,- նշեց նա։
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն իր անվտանգային համակարգը սարքում է բազմաշերտ։
«Ամեն ինչ անելու ենք, որ անվտանգային համակարգը բավարարի այսօրվա պահանջներին, դա հիմա ում է դուր գալիս, ում դուր չի գալիս՝ էական չէ, մենք գնալու ենք մեր ճանապարհով»,- նշեց նա։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի տարածքը, քանի որ չի գործել ՀՀ անվտանգային համակարգը։
«Մենք այլևս անհիմն հավատալու իրավունք չունենք, բոլոր ուղղություններով դիմելու ենք գործնական քայլերի»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան որևէ դերակատարում չի ունեցել, երբ Հայաստանում սպառնալիքներ կային ու այսօր էլ կան։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք հանում ռազմաբազան ՀՀ-ից՝ նա արձագանքեց. «Սադրում եք, որ լավ վերնագիր դնեք։ Կհանենք այն ժամանակ, երբ պետք լինի»։
Արմեն Խաչատրյանը նշեց՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար եղել է անվտանգային համակարգ, բայց չի գործում։
«Ես հետևյալն եմ պատկերացնում՝ եթե ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային համակարգ է եղել, բայց այդ համակարգը չի գործում ու մենք տեսնում ենք, որ չի էլ կարող գործել, միանշանակ, այդ անվտանգային համակարգում մենք չենք լինելու, բացառվում է»,- ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ եթե մի անվտանգային համակարգ ասում է, որ կասկած ունի ՀՀ սահմանների նկատմամբ՝ Հայստանն այդ անվտանգային համակարգում անելու բան չունի։