04/04/2024 10:03
«Հրապարակ». Արմեն Գրիգորյանը հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցերի հանձնախմբի համակարգող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի որոշ անդամներ տարեսկզբին հանդիպել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ։ Արցախի հանձնախումբը հարկ է համարել իրենց անելիքների մասին տեղեկացնել ՀՀ իշխանության պատկան գերատեսչություններին՝ հույս ունենալով, որ եթե ոչ բացահայտ, ապա ստվերային աջակցություն կցուցաբերեն իրենց ինչ-ինչ հարցերում։
Հանձնախումբը քննարկել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպելու տարբերակները, ի վերջո, նախապատվությունը տվել են ծագումով արցախցի Գրիգորյանի հետ հանդիպելուն՝ հույս ունենալով, որ նա իրենց համախոհը կդառնա, և համագործակցություն կստեղծվի։ Սակայն հադրութեցի Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումն անցել է աննկարագրելի սառը մթնոլորտում:
Մեզ պատմեցին, որ ընդամենը 20-30 րոպե է տևել այն, ներկայացվել են հանձնախմբի անելիքներն ու առաքելությունը, փորձել են նրան հասկացնել, որ եթե անգամ մեծ արդյունքների հնարավոր չլինի հասնել, գոնե հարցը տաք կպահեն, և դա կնպաստի Հայաստանի պաշտպանության հզորացմանը, ադրբեջանական ագրեսիան կզսպի։ Սակայն Արմեն Գրիգորյանն անգամ չի ցանկացել մինչև վերջ լսել հանձնախմբին և հասկացրել է, որ Արցախի թեման փակված է` իշխանությունն անելիք չի տեսնում այդ հարցում»։