04/04/2024 11:38
Մենք պետք է հասկանանք, թե ինչ որակի պետություն ու ինչ որակի կյանք ենք ուզում. բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութեր)
Կառավարությունը հավանություն տվեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագրին և ստանդարտացման աշխատանքների ցանկին։ Այս տարի կմշակվի 39 ստանդարտ։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ վերջին ինը ստանդարտները կապված են կադաստրի հետ, որպեսզի Կադաստրի կոմիտեն առաջնորդվի որոշակի հստակ կանոններով։
Կլինի նաև ջրի ստանդարտ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ջուրը կամ բադրիջանի խավիարը, եթե ստանդարտին համապատասխան չլինեն, մեր արտադրողները չեն կարող արտահանել ԵՄ շուկա կամ ԱՄՆ։
«Մենք հիմա ասում ենք՝ ջուրը պետք է ստանդարտացնենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր ժողովուրդը ջուրը խմում է՝ ոչինչ, ինչ անենք որ, մեր ինչի՞ն է պետք, թող ֆոսֆորը հարյուր անգամ ավելի լինի։ Մենք սա անում ենք, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց, որ մեր երեխեքը տասնյակ տարիներով դա օգտագործել են, չի հետաքրքրել, որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել, սա է ամբողջ խնդիրը»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է ճշգրտել գնաճի նկատմամբ վերաբերմունքը։
«Գնաճը սահմանված շրջանակներում տնտեսության զարգացման և՛ խթան է, և՛ նշան, սա շատ կարևոր արձանագրում է, երկրորդը՝ ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն ու ինչ որակի կյանք ենք ուզում։ Կներեք, այն, որ մենք հիմա բոլորս այստեղ նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ ու դա թանկացրել է մեր բոլորի կյանքը, որովհետև մենք կարող էինք գալ չստերով ու սպարտիվկայով, բայց, որ հանրությունը այդ պատկերը տենար, ի՞նչ կմտածեր, բայց երբ տեսնում է խոզի ջանդակը մայթին փռած վաճառում են, չի ասում՝ այս ի՞նչ եք անում, ընդհակառակը, երբ ուզում ենք ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միստը կթանկանա»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, թե եթե չլիներ եվրոպական շուկա արտահանելու թեման, կասեինք՝ «ստանդարտը մեր ինչի՞ն է պետք, խմենք, մեռնենք, կարճ-կոնկրետ՝ պրծնենք»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ բարեկեցության աստիճանի բարձրացումը նշանակում է կյանքի թանկացում։