05/04/2024 13:51
Չգիտեմ՝ ինչու են մտահոգված Թուրքիան և Ադրբեջանը. դա տնտեսական համագործակցությանն ուղղված հանդիպում է. Պատգամավոր
Հանդիպումից սպասվող ակնկալիքները պետք է լինեն համաչափ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բրյուսելյան հանդիպմանը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Նա նշեց, որ հանդիպումը ի սկզբանե նախատեսված է եղել տնտեսական համագործակցության խորացման օրակարգով, և ակնկալիքներն էլ պետք է ձևավորվեն ըստ դրանց.«Ես չեմ կարծում, որ բան է փոխվել։ Ամեն ինչ, ըստ եղածի, գնահատվել է։ ՀՀ-ն երբևէ որևէ երկրի դեմ որևէ օրակարգ չի սպասարկում, այլ սպասարկում է իր սեփական շահերը»։
Դիտարկմանը, թե այս հանդիպումից մտահոգված են Ադրբեջանն ու Թուրքիան՝ պատգամավորը պատասխանեց.«Չգիտեմ, թե ինչու են մտահոգված Թուրքիան և Ադրբեջանը։ Բայց նշեմ, որ ԱՄՆ-ի կողմից էլ է հայտարարություն եղել, որ դա տնտեսական համագործակցությանն ուղղված հանդիպում է։ Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ճիշտ գնահատեն հանդիպումը, ակնկալիքներն ու հնարավորությունները»։