05/04/2024 14:10
Թվայնացման ապագան լուսավոր է. պետք է գնանք հնարավորություններին ընդառաջ. Մարտին Գալստյան
Կայացել է «Doing Digital» միջազգային ամենամյա ֆորումը (DDF)՝ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ ֆորումի նպատակն էր ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը կիսվել է երկրի թվային ապագայի վերաբերյալ ԿԲ տեսլականով: «Թվայնացման ապագան լուսավոր է և լի հնարավորություններով: Վեց տեխնոլոգիական միտումները՝ արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, հանրային բլոկչեյնները, գենոմիկան, էներգիայի նոր մարտկոցները և քվանտային հաշվարկները, գտնվելով դեռ ստեծման փուլում, արդեն շատ խոստումնալից են մարդկության ապագայի համար: Ուստի մենք պետք է և՛ գնանք հնարավորություններին ընդառաջ, և՛ պատրաստվենք մեղմելու սպառնալիքները»,- հայտարարել է Մարտին Գալստյանը։
ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը կիսվել է Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորման տեսլականով: «Մեր նպատակն է կրիպտո ոլորտի ընկերությունների համար սահմանել հասկանալի և կանխատեսելի միջավայր, միաժամանակ հավասարակշռելով ոլորտի հետ կապված ռիսկերի զսպումը: Կենտրոնական բանկը տեխնոլոգիա չի կարգավորելու. մենք կարգավորելու ենք ֆինանսական գործունեությունը «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքով»,- նշել է Արմեն Նուրբեկյանը:
ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն էլ ներկայացրել է երկրի վճարահաշվարկային համակարգի բարելավվմանն ուղղված նորարարական հնարավորությունների մասին: «Ապագայի մեր տեսլականը պարզ է. ապագան թվային, ներառական, նորարարական, անվտանգ և անխափան վճարումների մասին է: Tap-to-Pay-ից մինչև առաջադեմ բիոմետրիկ վճարումներ՝ մենք կիրառում ենք տեխնոլոգիաներ, որոնք կվերասահմանեն վճարահաշվարկային համակարգի հարմարավետությունն ու անվտանգությունը։ Մեր նպատակն է դառնալ կենտրոնական ագրեգատոր՝ պարզեցնելով վճարումները և ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով բոլորի համար»,- շեշտել է Հովհաննես Խաչատրյանը: