05/04/2024 19:13
Ռուսաստանի ներքին գործերի նախարարը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը ՌԴ քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն տրամադրելու գործընթացի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու, ժամանակավոր կացության և կացության կարգավիճակների թույլտվություններ տրամադրելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը պետք է ուժեղացվի։
«Կարևոր է, որ Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու, ժամանակավոր կացության և կացության թույլտվություններ տրամադրելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը շարունակի բարձր մնալ»,- ասել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է մշտապես վերահսկել նաև տվյալների բազայում բոլոր փոփոխությունները, ստուգել երկիր մուտքի արգելքի առկայությունը։
«Մեր գործունեության առաջնահերթություններից է անօրինական միգրացիայի դեմ պայքարը և օտարերկրացիների կողմից հանցագործությունների կանխարգելումը»,- ասել է Կոլոկոլցևը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է փոխել Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության մոտեցումները։ Հայտարարությունը նա արել է ապրիլի 2-ին՝ ՆԳՆ կոլեգիայի նիստի ժամանակ։ Պուտինը նշել է, որ իրավապահ մարմինները պետք է իրենց մոտեցումները մշակեն ու ներկայացնեն, որպեսզի անօրինական միգրացիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի։