06/04/2024 10:29
Չի բացառվում, որ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլև առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ:
Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով՝ Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես, ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23 թթ.-ի:
Թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել»,- գրել է պատգամավորը։