06/04/2024 12:57
Զինանշանը փոխում են, որովհետև մեզ սողուններ են պետք. սողունների պետություն ենք դառնում. Արթուր Աթանեսյան (Տեսանյութ)
Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը մեզ օգնում էր նաև Ցեղասպանության հարցում գլուխը բարձրացնել, վերանայել մեր տեղն աշխարհում, ես համոզված եմ, որ մենք նորից կվերադառնանք հաղթանակների, թեև «մենք» ասելով՝ նկատի չունեմ այսօրվա որակներով մեր ազգին, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։
Նա ընդգծել է՝ մենք պիտի անենք քայլեր, որպեսզի տեսնեն, որ ուժեղ ենք, որովհետև օգնում են ուժեղներին․ «Մենք հիասթափեցրել ենք շատերին, ինչպես, ասենք՝ բարոնուհի Քերոլայն Քոքսին, և եթե ողջ լիներ Ազնավուրը, ուղղակի կգժվեր այս պարտությունից, այս բոլոր սրիկայություններից»։
Ըստ Արթուր Աթանեսյանի՝ պատմությունն այնքանով է արդյունավետ, որքանով լավ մատուցվում է։
«Ապրիլի 24-ը մատուցման իր տեխնոլոգիաներն ունի, որոնք, ցավոք, 20-րդ դարի են, 21-րդ դարը թվային աշխարհ է. համապատասխան հետևություններ և աշխատանքներ չենք արել։ Ունենք խոցելի տեղ, Ցեղասպանության փաստը դեռևս մատուցվում է ոչ այնքան լավ, միևնույն ժամանակ Արցախը կորցնելուց հետո, ունենք միտում՝ վերանայելու ազգային ինքնությունը, տրավմատիկ փաստերը։
Ինչպես մեծ հաշվով Հայաստանի վարչապետն է ասում՝ եկեք մոռանանք պատմությունը, տրավմատիկ հիշողությունները, առևտուր անենք և հետո կասենք, թե այնքան ուժեղ ենք, որ գոյատևել ենք, բայց դա ուժի մասին չէ, սողուն լինելու մասին է։ Մենք արծիվ դասից վերածվեցինք սողունի, և պատահական չէ, որ հիմա խոսում են զինանշանը փոխելու մասին. մեզ սողուններ են պետք, որովեհտև սողունների պետություն ենք դառնում»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։