06/04/2024 10:21
«Հրապարակ». ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» և նոր փորձարկումներ են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ գրասենյակում նախօրեին հավաք է տեղի ունեցել, առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիստը վարել են նրա արժանի տեղապահներ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը։ Օրակարգում Երևանի իշխանությունների գործունեությունն է եղել, բայց քաղաքապետը չի մասնակցել, հաշվետվություններ են ներկայացրել փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Լևոն Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոստովանել են, որ, այսպես կոչված, կարմիր գծերի կայանատեղիների վճարները շեշտակիորեն բարձրացնելու փաստը ակնկալվող արդյունքին չի հանգեցրել, և մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվել ավտոմեքենաներից ու խցանումներից:
Հիշեցնենք, որ տարեվերջին, ավագանու ՔՊ խմբակցության որոշմամբ, կարմիր գծերի տարեկան վարձավճարը սահմանվեց 160 հազար դրամ՝ նախկին 12 հազարի փոխարեն։ Թեև թանկացումն ակնկալվող արդյունքը չի տվել, և այլևս պարզ է, որ իշխանություններն առանց հաշվարկների ուղղակի քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ, սակայն ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» և նոր փորձարկումներ են անելու:
Ասել են, որ առաջիկա ամիսներին նոր որոշումներ կընդունեն` գուցե որոշ փողոցներում այլևս արգելեն երթևեկը, որոշ փողոցներ դարձնեն միակողմանի, որոշները՝ երկկողմանի, մի խոսքով՝ իմպրովիզացիաների ու փորձարկումների նոր դաշտ են գտել։ Հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման թեման ևս արծարծվել է, սակայն ավագանու իշխանական անդամները վստահաբար պնդել են, որ որոշումը չի փոխվելու` սեպտեմբերից այն ուժի մեջ է մտնելու: Ինչ վերաբերում է խրամատ հիշեցնող փոսերին, փոխքաղաքապետերը վստահեցրել են, որ մոտ ժամանակներում խնդիրը կվերանա` տենդերներն արդեն շահել են, հանձնարարվել է փոսերի նորոգման աշխատանքներն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում»։