08/04/2024 23:16
Բլեֆարիտ՝ կոպաբորբ․ կրկնվելու հակում ունի
Բլեֆարիտը` կոպերի բորբոքումը, սովորաբար առաջանում է երկու աչքերի վրա՝ կոպերի եզրերին:
Երբ թարթիչների հիմքի մոտ գտնվող փոքրիկ ճարպագեղձերը խցանվում են՝ առաջացնելով գրգռում և կարմրություն, առաջանում է կոպաբորբ: Մի շարք հիվանդություններ և վիճակներ ևս կարող են առաջացնել բլեֆարիտ:
Բլեֆարիտը քրոնիկ հիվանդություն է և կրկնման հակում ունի, որը դժվար է բուժել: Հիվանդության ընթացքը պատճառում է մի շարք անհարմարություններ և տհաճություն: Սակայն, սովորաբար մշտական վնաս չի հասցնում տեսողությանն ու վարակիչ չէ:
Բլեֆարիտի գանգատներն ու ախտանիշները սովորաբար ավելի շատ զգացնել են տալիս առավոտյան:
Դրանք ներառում են՝
ջրակալած (արցունքոտ) աչքեր,
կարմիր աչքեր,
աչքերում ծակոցի, այրոցի կամ խայթոցի զգացողություն,
կոպեր, որոնք յուղոտ են թվում,
կոպերի քոր,
կարմիր, այտուցված կոպեր,
աչքերի շուրջ մաշկի թեփոտում,
ճպռոտում,
կոպերի կպչում,
ավելի հաճախակի թարթում,
լույսի նկատմամբ զգայունություն,
մշուշոտ տեսողություն, որը սովորաբար բարելավվում է թարթելով:
Բլեֆարիտի ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ: Այն կարող է կապված լինել հետևյալներից մեկի կամ մի քանիսի հետ՝
սեբորեային դերմատիտ՝ գլխամաշկի և հոնքերի թեփ,
վարակ, օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլոկոկ, ընդ որում վարակը կարող է տեղակայվել թարթիչների հիմքում կամ կոպեզրի գեղձերում,
կոպեզր բացվող Զեյսի ճարպագեղձերի արտահանող ծորանների խցանում կամ այդ ճարպագեղձերի ոչ ճիշտ գործառույթ,
ռոզացեա (վարդագույն ակնե)՝ մաշկի հիվանդություն, որը բնութագրվում է դեմքի կարմրությամբ,
ալերգիաներ՝ ներառյալ աչքի դեղամիջոցների, կոնտակտային լինզաների լուծույթների կամ աչքերի դիմահարդարման նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ,
թարթիչների վրա անիծ կամ ոջիլ,
չոր աչքեր:
Եթե ունեք բլեֆարիտի գանգտներ և ախտանիշներ, որոնք, չնայած լավ հիգիենային (ախտահարված շրջանի կանոնավոր մաքրում և խնամք) չեն բարելավվում, ապա պետք է այցելել ակնաբույժի:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն