08/04/2024 09:51
ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն
Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, նշել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ դա որակելով իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանք:
«Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը երկու փուլով դիրքավորվեց համայնքին բավականին մոտ հեռավարության վրա, սա առհասարակ նոր երևույթ է:
Կարծում եմ` ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կենտրոնանար հատկապես այս խնդրին, սակայն ոչ միայն դրանք արձանագրելու և զեկույցներում ամրագրելու, այլև դրանից բխող օպերատիվ քայլերով:
ԵՄ-ն տարբեր խողովակներով պաշտոնական Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն:
Զինված ուժերի տեսադիտարկման համակարգերերն արձանագրելու նվազագույն գործառույթն իրականացնում են, ԵՄ դիտորդների դերն այդ փաստերի հիման վրա քաղաքական ճնշումների հիմք ստեղծելն ու Բրյուսելին փոխանցելն է` Բաքվին հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով:
Համենայն դեպս, սա է մեր հասարակության սպասումը, հակառակ դեպքում ԵՄ առաքելության ներկայությունը որևէ ձևով չի կարող արդարացված կամ ընկալելի լինել», - գրել է նա: