08/04/2024 15:39
Պատժամիջոցների վտանգի պատճառով Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են ՌԴ-ից փոխանցումների մշակումը
Արևմտյան երկրորդական պատժամիջոցների վտանգի պատճառով Ղազախստանի բանկերը դանդաղեցրել են Ռուսաստանից ստացվող փոխանցումների մշակումը. գրում է Lenta-ն՝ հղում անելով «Известия»-ին։
Հաղորդվում է, որ փետրվարի վերջից Ռուսաստանից Ղազախստան վճարումների ժամկետները սկսել են հասնել 2-3 շաբաթվա։ «Опорa России»-ի փոխնախագահ Նիկոլայ Դունաևն ասել է, որ խնդիրներ են առաջանում ինչպես դոլարով, այնպես էլ ազգային արժույթով գործարքների հետ կապված։ Ընդ որում, որոշ բանկեր ընդհանրապես հրաժարվում են աշխատել ռուսական կողմի հետ։
Ապրիլի 3-ից էլ Ղազախստանի բանկերը դադարեցրել են ռուսական «Միր» համակարգի քարտերի սպասարկումը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների մտավախության պատճառով։
Պետական կարգավորիչը բացատրել է, որ նման առաջարկություններ չի արել, և երկրի վարկային հաստատություններն ինքնուրույն են որոշում կայացնում որոշակի վճարային համակարգում մասնակցության վերաբերյալ՝ հաշվարկելով հնարավոր օգուտներն ու ռիսկերը։ Ղրղզստանի բանկերը նույնպես դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը։