08/04/2024 12:35
«Խաղաղության և հանգստության կարիք ունենք բոլորս». ապրիլի 13-ին Երևանում համերգով հանդես կգա «Մաշինա վրեմենի» լեգենդար խումբը
«Մաշինա վրեմենի» լեգենդար խումբը ապրիլի 13-ին Երևանում հանդես կգա իրենց 55-ամյակին նվիրված մեծ համերգով։
Ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ Անդրեյ Մակարևիչը նշել է, որ համերգը նախատեսվել էր անցկացնել անցյալ տարի աշնանը, սակայն հետաձգվեց և նոր օր ընտրվեց ապրիլի 13-ը։
«Այդ օրը մեր Սաշա Կուտիկովի ծննդյան օրն է, նաև ռոքնռոլի միջազգային օրը: Այսինքն, երկու հրաշալի առիթ՝ համերգային տուրը Հայաստանում սկսելու համար», - ընդգծել է նա:
Մակարևիչը նշել է, որ համերգի ժամանակ երկարատև դադարից հետո խմբի հին երգերը սիրողները նորից կարող են վայելել դրանք։ «Իսկ նրանք, ում հետաքրքրում է այսօրվա «Մաշինա վրեմենին», առաջին անգամ հնարավորություն կունենան վերջին ալբոմներում ընդգրկված երգերը գնահատել կենդանի հնչողությամբ: Դրանք մենք Հայաստանում դեռ չենք կատարել: Կարծում եմ՝ բոլորի համարն էլ հետաքրքիր կլինի», - ասել է նա և հավաստիացրել, որ Երևանում խումբը կնվագի իրենց բոլոր հիթերը:
Հիշելով իր վերջին այցը Հայաստան՝ Անդրեյ Մակարևիչն ասել է, որ դա տեղի է ունեցել 2022 թվականի աշնանը՝ Starmus փառատոնին մասնակցելու շրջանակներում:
Փառատոնի ժամանակ նա կատարել է երկու երգ միայն կիթառի ուղեկցությամբ՝ առանց խմբի: Մակարևիչն ընդգծել է, որ փառատոնն ինքնին զարմանալի էր՝ երաժշտության և գիտության միաձուլումը հիանալի գաղափար որակելով:
«Ես ու կինս մեկ-երկու ազատ օր ունեինք շրջելու Հայաստանի տեսարժան վայրերում՝ Գառնի, Գեղարդ, Էրեբունի․․․ Անհավանական տեսարան էր։ Հրաշալի ու համեղ է հայկական գինին», - կիսվել է հիշողություններով երաժիշտը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներին, որոնք հայտնի պատճառներով այսօր ապրում են Հայաստանում, Անդրեյ Մակարևիչն ասել է. «Մենք ուղղակի կնայենք միմյանց, որովհետև վաղուց չենք տեսնվել…»։
Եզրափակելով զրույցը՝ ի պատասխան հարցին, թե ի՞նչ կմաղթեր խելահեղ աշխարհում ապրող մարդկանց, հատկապես, որ աշխարհի տարբեր անկյուններում այժմ մոլեգնում են պատերազմները՝ երաժիշտը նշել է. «Խաղաղության և հանգստության կարիք ունենք բոլորս»: