08/04/2024 19:14
«Կացինը բերեցին ու սպառնացին՝ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն». Վլադիմիր Մովսիսյանը պատմել է՝ ինչպես են 80-ականներին դիմակայել ադրբեջանցիների հավակնություններին
«Փաստինֆո»-ն գրել է․ «Կացինը բերեցին եւ սպառնացին, որ եթե չստորագրեմ իրենց ուզած փաստաթուղթը, ապա վիզս կկտրեն»։ Այս պատմությունը Վլադիմիր Մովսիսյանը պատմել էր լրագրող Ռուզաննա Խաչատրյանի պատրաստած ֆիլմում։
Պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը եղել է Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի տեղակալը, որը, ինչպես արդեն ներկայացրել ենք, խորհրդային Հայաստանի վերջին տարիներին համակարել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Ընդ որում՝ դրանք ընթացել են բավական բարդ, ընդ որում՝ կյանքի համար վտանգավոր մթնոլորտում։ Մովսիսյանն անձամբ էր մեկնում, այպես կոչված, վիճահարույց տարածքները՝ տեղում ուսումնասիրելու, հասկանալու, թե կոնրետ որ տեղանքով պետք է անցնի սահմանը՝ ուշադրություն դարձնելով թե անհրաժեշտ ենթակառուցվածքներին։ 1980 - ականներին Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին սահմանամերձ Ադրբեջանի Քյամառլիի գյուղացիները առեւանգել են տված տարածքին ծանոթանալու համար մեկնած սահմազատման հանձնաժողովի հայ անդամներին, ծեծել ու տարել իրենց գյուղ։
Նկատենք, որ տվյալ միջադեպն արձանագրվել է այն ժամանակահատվածում, երբ բացահայտ հակամարտություն դեռեւս չկար հայերի ու ադրբեջանցիների միջև, սակայն, սահմանամերձ հայկական գյուղերի անտառային տարածքներից ու աղբյուրերից շարունակաբար օգտվելու, դրանք սեփականացնելու հավակնություն էին ցուցաբերում։
Խորհրդային միության օրոք հարցեր էին լուծվում բողոքի նամակներով, մատնագրերով։
Դովեղի անտառների սառնաղբյուրները օգտագործելու պահանջով ադրբեջանցիները նամակներ էին գրում խորհրդային իշխանություններին։ Դրանք բողոք նամակներ էին, թե Խորհրդային ընդհանուր տարածքում հայերն իրենց են համարում աղբյուրները, թեեւ խոսքը գնում էր հենց Հայաստանի տարածքի անտառների ու աղբյուրների մասին։ Հենց նմանօրինակ նամակներն էին պատճառ դարձել, որ խորհրդային կենտրոնական իշխանությունները հանձնարարեն Հայաստանի ու Ադրբեջանի այդ ժամանակվա կենտկոմի առաջին քարտուղարներ Դեմիրճյանին ու Բաղիրովին՝ ստեղծել սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ այդ հանձնաժաղովի աշխատանքի արդյունքում ստորագրված փաստաթղթի գոյության ու կարեւորության մասին արդեն տեղեկացրել է։ Հիշեցնենք, որ այն ստորագրվել է 16 տարի տեւած հսկայական աշխատանքից հետո։ Փաստաթղթի 6-րդ կետում կարդում ենք՝ «Ելնելով հողօգտագործողների ներկայացրած փաստերից, այդ թվում՝ հողերի օգտագործման հարմարավետությունից, երկու երկրների կառավարությունների համաձայնությամբ, որոշվում է համաչափորեն վերադարձնել Հայաստանի ԽՍՀ Շուռնուխի կոլտնտեսությանը Ադրբեջանի ԽՍՀ Կուբաթլուի շրջանի Կոլտնտեսության կողմից օգտագործված հողատարածքները և Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպարի և Բաղանիսի կոլտնտեսությանը վերադարձնել Ադրբեջանի ԽՍՀ Ղազախի շրջանի Ասկեպարա գյուղի տների մոտական հողատարածքները»։
Սակայն այս փաստաթուղթը առանց միջադեպերի չի մշակվել։ Երկարատև աշխատանքից հետո հանձնաժողովն իրական սահմանազատումն ավարտելիս է եղել և ադրբեջանցիները հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնում, աննախադեպ գործողություն են կազմակերպել։ Նոյեմբերյանի սահմանամերձ հատված մեկնած Վլադիմիր Մովսիսյանին ու հաձնաժողովի ևս երկու անդամի գողացել ու իրենց գյուղ տարել։ Ճանապարհին, իբր, բարկացած ամբոխի գործողություն բեմադրել ու գերեվարվածներին, ծեծելով, հասցրել են գյուղի ակումբ, նստեցրել գյուղացիներով լցված դահլիճի դիմացը դրված երկար նստարանին, ահաբեկել Վլադիմիր Մովսիսյանին, թե կացնով կկտրեն նրա վիզը, եթե սահմանազատման փաստաթղթում իրենց ուզած տարածքները Ադրբեջանի կազմում չհաշվառի։ Բարեբախտաբար՝ Նոյեմբերյանի միլիցիայում կանխատեսել էին նման սադրանքն ու միլպետն անձամբ, հատուկ զիված խմբի հետ, կրակելու հրաման տալու սպառնալիքով, մտել է ադրբեջանական գյուղ ու ստիպել ազատել Մովսիսյանին ու նրա հետ տարված ևս երկու հայ մասնագետի»։