08/04/2024 13:21
Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը:
«Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաներն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` սպորտը երկրպագուների համար է և Հայաստանում երկրպագուների ներկայությունը կարևորվում է:
«Մինչև 2027 թվականը հեշտ չի լինելու: Մենք առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու, ընդ որում` նաև խաղային ձևերից եզրափակիչ մրցաշարեր: Նախորդ 2 տարում Հայաստանում այնքան բարձրակարգ մրցում է եղել, որքան չի եղել Խորհրդային միության 70 և հետխորհրդային 27 տարիներին»,-առանձնացրեց նա:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: