09/04/2024 12:39
ԳՇ-ում լավ գիտեն՝ ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնումը. դա խնդիր է հետագա վերատեղակայումների առումով. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ուշագրավ է համարում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հայտարարությունը, որ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու վերաբերյալ դեռ որոշում չկա:
«Իշխանությունը պնդում էր, որ արդեն սկսվել է գործընթացը: Պետք է արձանագրել՝ փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունն արձանագրում է, որ իրենց քաղաքական ղեկավարը սուտ է խոսել ու ասել, որ Տավուշից է սկսվելու, երկրորդ` արձանագրվել է, որ իրականության մեջ Ադրբեջանի հետ չկա պայմանավորվածություն` առաջ մղելու այս գործընթացը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորի խոսքով`սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ոչ թե գնում է սահմանազատման գործընթացի, այլ` միակողմանի զիջումների:
Նա համոզված է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում լավ գիտեն, թե ինչ է նշանակում Տավուշի այդ հատվածների հանձնումը:
«Դա խնդիր է՝ հետագայում Զինված ուժերի վերատեղակայումների առումով: Ես ձեռնամուխ կլինեմ, որ ավելի կոնկրետ հասկանանք, թե ԳՇ-ն ինչ է առաջարկել ու եթե առաջարկել է` ինչ է եղել դրա հիմքում»,- նշեց Աբրահամյանը:
Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է նպատակահարմար գտել, որ սահմանազատման գործընթացը սկսվի Տավուշից։
Օրեր առաջ, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե Ադրբեջանն է ցանկացել, որ սահմանազատումը սկսվի Տավուշից, մինչդեռ, փոխվարչապետի գրասենյակից հայտարարել էին՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որոշում դեռ չկա։