09/04/2024 18:09
Իշխանությունը գիտակցում է իր հակապետական գործողությունների հետևանքները․ Գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
«Իշխանության նպատակը՝ Ադրբեջանին հանձնել հայտնի գյուղերը, ամենատարբեր դիտանկյուններից քննարկվեց և գնահատականներ հնչեցին: Սակայն կարևոր դրվագներից մեկը, թե ով և ինչու որոշեց, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից և, մասնավորապես, Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերից, մնում է բաց։ Ասում եմ՝ այսպես կոչված, որովհետև այն ինչի մասին հայտարարվել է՝ սահմանազատման ու սահմանագծման, սահմանների ճշգրտման հետ որևէ առնչություն չունի, որովհետև դրա հիմքում ընկած իրավական-փաստաթղթային բազայի և քարտեզների հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնություն չկա»,- , ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ եթե չկա համաձայնություն, ապա «սահմանների ճշգրտում» ձևակերպման տակ փորձ է արվում բավարարել Ադրբեջանի պահանջները և հերթական միակողմանի զիջումների գնալ:
«Հանրության ճնշող մեծամասնությունն այս գործընթացը դիտարկում է որպես միակողմանի զիջում, հանձնում, որովհետև նախ՝ իշխանության հռչակած սկզբունքների տրամաբանությունը չի տեսնում, երկրորդը՝ իշխանությունը նախորդ տարիներին, նմանատիպ իրավիճակներում, արդեն հասցրել է այս սկզբունքով այլ տարածքներ զիջել, կամ մարսել Ադրբեջանի կողմից բռնազավթածները և երրորդը՝ իշխանության նկատմամբ վստահության դիֆիցիտի պայմաններում, բնականաբար իշխանության քայլերի նկատմամբ հավատ գոյություն չունի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա կրկին շեշտեց իր հիմնական հարցադրումը՝ ինչու որոշվեց սահմանների ճշգրտումը սկսել հենց Ոսկեպար, Բաղանիս ու Կիրանց գյուղերից:
«Այն, թե ինչու է Ադրբեջանն ամեն ինչ անում, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսի վերոնշյալ 8 գյուղերից, միանշանակ պարզ է, որովհետև դրանց՝ Ադրբեջանի վերահսկողութան տակ անցնելը չափազանց մեծ հարված է լինելու Հայաստանի կենսունակությանը, իսկ սա իր ծանր հետևանքներն է ունենալու ՀՀ-ի և՛ անվտանգությանը, և՛ բանակցային դիրքերին, և՛ ենթակառուցվածքներին, և՛ սոցիալ-տնտեսական վիճակին:
Այս ամենը հաշվի առնելով՝ Ադրբեջանում հաշվարկել են, որ այդ գյուղերի հանձնումից հետո Հայաստանն այնպիսի բարդություններ և անլուծելի խնդիրներ կունենա, որ ստիպված կլինի մնացած հարցերում ևս բավարարել ադրբեջանական պահանջները: Սա բերելու է ոչ միայն Ադրբեջանի ռեգիոնալ դերակատարման բարձրացմանը, այլ նաև Հայաստանի խոցելիության ճեղքվածքի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
«Իսկ ինչու է Հայաստանի իշխանությունը գնում այս ճանապարհով: Ինչու, օրինակ՝ սահմանների ճշգրտումը չի սկսում Կութականից, Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից, Տեղից կամ Ներքին Հանդից, որովհետև 2021-23 թվականների ընթացում Ադրբեջանը փուլերով ագրեսիայի է դիմել, և ՀՀ ինքնիշխան մի շարք տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Հեռու եմ այն մտքից, որ իշխանությունը չի գիտակցում իր քայլերի քաղաքական, իրավական կամ անվտանգային հետևանքները և այն, որ դրանք որևէ ձևով չեն շոշափում հայկական շահն ու իրենց տեսակով հակապետական գործողություն են:
Իշխանությունն ինքն իրեն դրել է մի խաղի մեջ, որտեղ ի սկզբանե պարտված է և նույնիսկ այս ամենը գիտակցելով՝ երկիրը տանում է նոր մղձավանջի ճանապարհով` սեփական ժողովրդին վերածելով թշնամության թիրախի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը: