09/04/2024 12:01
Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել. Քոչարյան (Տեսանյութ)
Այն կրակոցները, որոնք հիմա դուք ներկայացնում եք, այն մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նաև շեշտեց, որ իրենք մտահոգված են ցանկացած կրակոցով, բայց դրանք ոչինչ չասող են.«Նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել, բայց չեմ ասի, քանի որ դա կսկսեն շահարկել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանել, նշանակում է՝ դրա մեջ մեծ վտանգ չենք տեսել։ Կրակոցի փաստը գյուղերի ուղղությամբ արձանագրված չի։ Մենք չենք ուզում վախեցած երևալ»։
Քոչարյանի խոսքով՝ անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ աշխատանքներով։
Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի այն գնահատականին, թե հնարավոր է՝ կրակոցները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների՝ Քոչարյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է.«Սակայն, այս կրակոցները չեն տալիս նման գնահատական անելու տրամաբանություն։ Եթե լայնամասշտաբի բան լինի, մենք պետք է մեր այսօրվա գործը չթողենք վաղվա օրվան, որպեսզի դիմակայենք դրանց»։