09/04/2024 11:02
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնա. հստակ ծրագիր են դրել` չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում. Ռուստամյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է` Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ հարձակման:
«Եթե էսկալացիայի վտանգ չկա` ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում մեր ժողովրդին պատերազմով։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանամերձ գոտի, որտեղ պատրաստվում են տարածքներ հանձնել, ահաբեկել էր պատերազմով: Եթե որևէ վտանգ չկա` պետք չէ ժողովրդին վախեցնել, բայց, իրականում, դա այդպես չէ։ Սա շատ հստակ ծրագրված գործընթաց է. այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են ու ստեղծում տպավորություն, որ ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որ կարողանանք գոյատևել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա` բանավոր խոսակցությունները զուգորդվում են սահմանային լարվածություններով, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստանան իրենց համար ընդունելի արդյունքներ ու հասնեն իրենց նպատակին:
Պատգամավորը գիտի, թե որքան պետք է զիջել Ադրբեջանին, որ բավարարեն նրա պահանջները:
«Մինչև հայկական ինքնության վերացումը, մինչև հայկական գործոնի վերացումը ու Հայաստանի վերածումը «Արևմտյան Ադրբեջանի»: Բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով, մենք էլ ասում ենք` թույլ ենք, անկարող ենք: Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաև լայնածավալ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծի, լոկալ բախումների միջոցով միշտ հասել է արդյունքների»,- նշեց «Հաայստան» խմբակցության պատգամավորը:
Նա ասաց՝ երբ Հայաստանից ասվում է, որ այդ տարածքներն իրենցն են, դրանով նրանց հրավիրում ենք այդ տարածքներ մտնել, այդ թվում՝ նաև զորքով:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակն է Հայաստանը բերել այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենա` պաշտպանելու իր նվազագույն շահերը:
«Նրանք հստակ ծրագիր են դրել՝ չեզոքացնել հայկական գործոնը տարածաշրջանում»,- հավելեց պատգամավորը: