09/04/2024 22:07
«Գոմում հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման բաժակներում ցանած ու նոր ծլած կանեփի 11 բույս»․ Արմավիրում կատարված օպերացիայի մանրամասները
ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, որ գլանակում կանեփ է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Ու թեև իրավապահները վարկած ունեին, թե 48-ամյա տղամարդը որտեղից է ձեռք բերել թմրանյութը, ընթացիկ միջոցառումները շարունակվեցին:
Հաջորդ օրն առավոտյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում նույն կասկածանքով ձերբակալվեց և, «Դեյվու» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց 46-ամյա մի երևանցի` երկու ուղևորով: Թաիրովի բնակիչ 63-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման երկու զանգված` մոտ 4 և 7 գրամ քաշով: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մյուս ուղևոր 46-ամյա արտաշատցին հայտնեց, որ մեքենայում կա 750 գրամ տարողությամբ ապակյա տարա` կանեփի զանգվածով, որն իրենն է՝ անձնական օգտագործման համար:
Ավելի հիմնավոր էր դառնում վարկածը, որ իրացնողին գտնելու համար իրավապահներն ի վերջո մեկնելու են Ջանֆիդա:
Իսկ մինչ այդ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն կատարվեց նախորդ օրը պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում: Սրահի պահոցից հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ` ընդհանուր 27,44 գրամ կանեփանման զանգվածով: Մեքենայատերը հայտնեց, որ դրանք պատկանում են իրեն:
Ժամեր անց իրավապահներն արդեն Ջանֆիդա գյուղում էին: Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 57-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Տանտիրոջ բացակայությամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի և կանեփի սերմի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչներ: Գոմում հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման բաժակներում ցանած ու նոր ծլած կանեփի 11 բույս:
Հետագա միջոցառումների շնորհիվ ջանֆիդացի տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, ձերբակալվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Քրեական վարույթի շրջանակում ապրիլի 4-ին խուզարկություն է կատարվել նաև «Դեյվու» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել են ապակյա տարա՝ լցված դեղնականաչավուն մոտ 81 գրամ կանեփանման զանգվածով, և գլանակ:
63-ամյա թաիրովցին և 57-ամյա ջանֆիդացին կալանավորվել են, իսկ 46-ամյա արտաշատցու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»: