09/04/2024 21:12
Միրզոյան․ «Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն, էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ-ի հետ»
ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները, որոնք իրենց բովանդակությամբ ընդունված է բնութագրել որպես առանձնաշնորհյալ, այսօր զարգանում են լայն օրակարգով և նոր ուղղություններով, որոնք միտված են ամրապնդելու ՀՀ դիմակայությունը: Վերջինիս համատեքստում երկուստեք ընդգծվել է հատկապես տնտեսական ոլորտում և գործարար կապերի ընդլայնման միջոցով փոխգործակցության առավել ակտիվացման կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին, որոնց համար լավ հիմքեր են ձևավորվել, որոնցից է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի մասնակցությունը Հայաստանի մարզերում առողջապահական ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, լինելով եվրոպական քաղաքակրթություն և ունենալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, էականորեն խորացնում է հարաբերությունները Եվրոպական միության և անդամ պետությունների հետ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է 2022թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստում Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակման և Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման կարևորությունը: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանի քննարկումները և գործընթացում պահպանվող հիմնական հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների և կարիքների հասցեագրմանը, այս նպատակով ՀՀ-ին ցուցաբերված աջակցությանը, ինչպես նաև հումանիտար բնույթի հարցերի»: