09/04/2024 10:06
«Ժողովուրդ». Ովքեր են երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին Վճռաբեկ դատարանում կրկին հավաքվելու են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլ պաշտոնյաներ, որպեսզի, ի վերջո վերջնական որոշեն, թե ովքեր են այն երեք լավագույն թեկնածուները, որոնց տվյալները ուղարկվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթի ավարտից հետո՝ 11-րդ օրը ժամանակ է տրվել հանձնաժողովի անդամներին՝ ամփոփեն իրենց մեջ մրցույթը, գնահատեն մասնակիցներին, թե 7 թեկնածուներից ովքեր են լավագույն երեքը, որ կգնան ՄԻԵԴ: Տեղեկացանք, որ հանձնաժողովի որոշ անդամներ դրական են արտահայտվել իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանի մասին, ասել է թե՝ նա արդեն հանձնաժողովի դրական գնահատականը ունի, իսկ թե ինչ կլինի վերջնարդյունքում, կիմանանք ապրիլի 16-ին: Հիշեցնենք, որ 2019 թվականին Աննա Մարգարյանը ներկայացվել էր ԱԺ՝ որպես ԲԴԽ թեկնածու, որին Ազգային ժողովում այդպես էլ չընտրեցին:
Հիշեցնենք, որ Հայաստանից ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցակցում են՝ Հայկ Ալումյան, Լիզա Գրիգորյան, Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան, Արմեն Մազմանյան, Աննա Մարգարյան, Վիգեն Քոչարյան։ Եվ ահա, թեկնածուները սպասում են արդյունքների»։