09/04/2024 11:18
Կարծում եմ` պահանջ է դրված, որ ՀՀ-ն միանա հակառուսական ճակատին. այդ խնդիրն իրականացնում է այսօրվա իշխանությունը. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն» է համարում Արարատ Միրզոյանի` ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին չմասնակցելը:
«Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-Միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Ռուստամյանի` սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:
«Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ընդգծեց Ռուստամյանը: