10/04/2024 17:14
Իսրայելի արտգործնախարարը սպառնացել է․ «Եթե Իրանը գրոհի իր տարածքից, Իսրայելը գրոհով կպատասխանի Իրանի տարածքում»
Եթե Իրանը իր տարածքից գրոհ ձեռնարկի Իսրայելի վրա, Իսրայելի պատասխանը կլինի Իրանի տարածքում, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ Kan ռադիոկայանի եթերում։
«Եթե Իրանը գրոհ ձեռնարկի Իսրայելի վրա իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը չի կարող հանդուրժել այդպիսի հարձակում՝ սեփական քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունից ելնելով»,- ասել է Կացը։
Իսրայելի արտգործնախարարն Իրանին մեղադրել է Պաղեստինին, լիբանանյան «Հըզբոլլահ»-ին, հութիներին աջակցելու մեջ։
Կացը ռադիոկայանի եթերում իր ելույթից հետո վերը նշված հայտարարությունը հրապարակել է նաև X-ում՝ սկզբում՝ եբրայերենով, ապա՝ պարսկերենով։
«Եթե Իրանը գրոհի իր տարածքից, Իսրայելը կարձագանքի և գրոհ կձեռնարկի Իրանի տարածքում»,- գրել է Կացը՝ պարսկերենով հրապարակման ներքո նշելով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեի անունը։
Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր, որ Իսրայելը սխալ է գործել ու անպայման պատժվելու է։