10/04/2024 12:01
ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչներ չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկներից. ՀՀ-ում չի կարող լինել 2-րդ կառավարություն. Նիկոլ Փաշինյան
Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում, Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով:
«Բայց այս անգամ էլ չստացվեց ու չստացվեց մի քանի պատճառով: Պատճառներից առաջինը հայ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված հերթական սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ:
«Նույնը, սակայն, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկներից: Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում »,- ընդգծեց վարչապետը: