10/04/2024 22:40
Ալավերդիում 47-ամյա տղամարդը շենքի բակում դանակի 15 հարված է հասցրել հարևանին
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․
«Ապրիլի 9-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակում տեղի է ունեցել միջադեպ, մի քաղաքացու դանակով մարմնական վնասվածքներ են պատճառել: Օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր:
Քիչ անց հաղորդում է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից. քաղաքացին բուժօգնության էր դիմել կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Իրավապահները պարզել են, որ ժամը 08։45-ին նույն թաղամասի բնակիչ 47-ամյա տղամարդը, առանց որևէ պատճառի, դանակով հարձակվել է տուժած տղամարդու վրա: Թեև տուժածը դիմադրել է, նա կարողացել է դանակի 15 հարված հասցնել: Միջադեպին միջամտել են տուժածի ընտանիքի անդամները, հարևաններ` փորձելով հարձակվողի ձեռքից խլել դանակը: Այդ ընթացքում նա դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:
Նույն օրը 47-ամյա տղամարդը ներկայացել է բաժին, ձերբակալվել, ու քանի որ ինքն էլ ուներ վնասվածքներ, բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է: