10/04/2024 23:00
Եթե որոշ պարգևավճարներ ստացողներ իրոք սրտացավ են, ապա Մայր Աթոռի հստակ հայտարարությունները նենգափոխելու փոխարեն, գերիների վերադարձով կզբաղվեին․ Տեր Վրթանես Բաղալյան
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը գրել է․
«Հողատուների «Խաղաղության օրակարգի» մասին
Բարեպաշտ հավատացյալների և ազգասեր հայերի հետ անմիջական շփումներում շատերն են բարձրաձայնում, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոռեկտ ու չափավոր հայտարարությունները և մեղմ գործողությունները որոշ անամոթ պաշտոնյաների ապազգային և հակաեկեղեցական գործունեության մասին պետք է ավելի խիստ լինեն։
Մայր Աթոռի օրեր առաջ տարածած հայտարարությունն էլ բնականաբար շատ մեղմ ու զուսպ էր, բայց հստակ շեշտադրությամբ, որտեղ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ կոչ էին ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։ Նաև կոչ էին ուղղում Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։
Հուսով էին, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք, Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով, ի զորու ենք լինելու հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։
Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի վերոհիշյալ հայտարարությանն անմիջապես հաջորդեց տարոն չախոյանական և վահագն ալեքսանյանական անկոռեկտ ու լկտի հայտարարությունները եկեղեցականներիս ու Եկեղեցու հասցեին ։
Տարոնիկների և վահագիկների և իրենց նմաների ուղղորդմամբ գործող բազմաթիվ կեղծ օգտատերերի լպիրշ արտահայունները վկայում են՝ Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը շատ տեղին էր։ Պարզ է, որ բազում վանքեր և եկեղեցիներ, գյուղեր ու քաղաքներ Ադրբեջանի վերահսկողությամբ թողածների, Բանակին պարտության տարածների , նվաստացուցչի պայմանագիր ստորագրածների, ստորագրությամբ հողեր հանձնածների և անվտանգություն չապահովելու արդյունքում Գեղարքունիքում ու Սյունիքում ադրբեջանի ներխուժումը չզսպածների, Արցախի պետականության կորստին անտարբեր դիտորդ հանդիսացածների համար Տավուշի և Արարատի մարզում մի քանի գյուղեր հանձնելը և վերահաս պատերազմում մեր դիրքերն ավելի վտանգավոր ու անբարենպաստ դարձնելը «խաղաղության օրակարգ» է։
Ակամայից մարդ մտածում է՝ եթե որոշ պարգևավճարներ ստացողներ իրոք սրտացավ են, ապա Մայր Աթոռի հստակ հայտարարությունները նենգափոխելու փոխարեն, գերիների վերադարձով կզբաղվեին»։