10/04/2024 12:13
Իրանը դեմ է Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելուն. Քանանի
Իրանը զգուշացրել է՝ զերծ մնալ Հարավային Կովկասը արտատարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ դարձնելուց։
Ինչպես հաղորդում է IRNA-ն՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին պարզաբանել է իր երկրի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ կապված՝ ի պատասխան Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ապրիլի 5-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ բարձրացված հարցին։
Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում, նաև շեշտել է տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար:
«Իրանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և իրենց հողի վրա ինքնիշխանության իրավունքին՝ առանց միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու։ Նաև բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին՝ իրենց վեճերը լուծել երկխոսության միջոցով»։