10/04/2024 15:29
Ոսկեպարի որևէ բնակչի որևէ ֆորմատով ես չեմ ասել, իրավունք էլ չունեմ ասելու և լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված պետք է տանք որևէ մեկին. Փաշինյան
Եթե ինձանից մեջբերում եք անում, դա արեք ուղիղ, այնպես, ինչպես ես եմ ասել, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով այն հարցին, թե ինքը ասել է, որ եթե Տավուշի մարզի 4 գյուղերն էլ տանք Ադրբեջանին, միևնույն է, դա երաշխիք չի, որ խաղաղություն կլինի՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի այն հարցին, թե ինքը ի՞նչ երաշխիք է տալիս, որ իր կառավարման հետագա ընթացքում հայ ժողովուրդը նորից չի անցնի փորձությունների միջով և ՀՀ սուվերեն տարածքը չի հայտնվի սպառնալիքի տակ՝ Փաշինյանը պատասխանեց.«Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Խորհրդային Միության և Գերմանիայի միջև կնքվել էր խաղաղության պայմանագիր՝ իր երաշխիքներով։ Ես երբ ասում եմ, որ երաշխիքներ չկան, ես նկատի ունեմ երաշխիք, որը բացառում է։ Այդպիսի երաշխիք մարդկության պատմության մեջ ոչ եղել է, ոչ էլ երբևէ կլինի»։
Անդրադառնալով ՀՀ սուվերեն տարածքը կասկածի տակ դնելուն՝ Փաշինյանը նշեց.«Ես ասում եմ, թե ինչ պետք է անենք, որպեսզի կառուցենք երաշխիքների մեր համակարգը։ Ոսկեպարի որևէ բնակչի որևէ ֆորմատով ես չեմ ասել ու չեմ էլ կարող ասել, իրավունք էլ չունեմ ասելու և լեզուս էլ չի պտտվի ասել, որ մենք ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված պետք է տանք որևէ մեկին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ՀՀ տարածքի փոփոխության վերաբերյալ կարող է կայացնել որոշում միայն ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»։