10/04/2024 16:47
2024-ը անշարժ գույքի շուկայում «սև ուրբաթ»-ի տարի է. գրացվել են բնակարանների վաճառքի բարձր ցուցանիշներ
Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը պահպանվում է. հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կադաստրի կոմիտե շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը։ Ըստ նրա՝ հատկապես կատիվ է եղել փետրվարին։
«Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների ցուցանիշները խոսում են այն մասին, որ վերջին 2 տարիներին գրանցված եռուզեռը դեռ շարունակվում է»,-ասել է նա և նշեց, որ հունվար ամսին հանրապետությունում գրանցվել է 16 394, իսկ փետրվարին՝ 21 159 գործարք։
Փետրվարին գրանցել ենք վերջին 14 տարվա ամենաբարձր ցուցանիշը՝ 21 հազար 159 գործարք»,-ասել է նա։
Աննա Նազարյանի խոսքով՝ ակտիվություն նկատվում է գրեթե բոլոր մարզերում։
«Իհարկե, առաջին տեղում Երևանն է, որին հաջորդում են Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերը։ Գործարքներից հատկապես աճ գրանցվել է առուվաճառքի հատվածում։ Միայն փետրվարին գրանցել ենք 4 հազար 700 գործարք, որը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 30,3 տոկոսով»,-ասաց Աննա Նազարյանը։
Մասնագետները շուկայի աշխուժությունը հիմնականում պայմանավորել են եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկավորման ծրագրով։ Հատկապես, որ այդ ծրագրի երևանյան բաղադրիչը դուրս է գալիս։ Ծրագրի այդ պայմաններով Երևանում բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել միայն մինչև 2024 թվականի վերջ։
«Մենք կանխատեսում ենք, որ ակտիվությունը կպահպանվի մինչև տարեվերջ։ Որքան վերջնաժամկետը մոտենա, այնքան ավելի կթեժանա, քանի որ եկամտահարկից օգտվելու վերջին տարին է։ Դրանով պայմանավորված, 2024-ը պայմանական բնորոշել ենք «սև ուրբաթ»-ի տարի»,-ասել է «1SQ GROUP» ընկերության հիմնադիր Արմեն Սաքապետոյանը։
«ԱՐ-ԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանն էլ նշել է, որ ծրագրի դուսր գալուց հետո շուկայում մեծ տատանումներ չեն սպասվում։
«Ասում են, թե անկում է ապրելու շուկան, պայթելու է, ես կարծում եմ, որ նման բան չի լինելու։ Շուկայում մնալու են ուժեղ կառուցապատողները, որոնք ֆինանսապես ավելի լավ վիճակում են։ Պարզապես, կարող է լինել բնակարանի դեֆիցիտ, իսկ դա էլ իր հերթին կբերի գների աճի»,-ասաել է նա։