10/04/2024 15:11
ՌԴ-ն դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար. Զախարովա
ՌԴ-ն դրսևորել է իրեն որպես արդյունավետ միջնորդ Հարավային Կովկասի համար, դա ոչ թե իրավիճակային լուծում է, այլ հակասությունների ներդաշնակեցում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն ու արտաքին հարաբերություններն Արևմուտքի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ դուրս են մղում ՌԴ-ին տարածաշրջանային բանակցային գործընթացից։
«Եվ այստեղ հայտնվեց Արևմուտքը, որն իր չարությունից, խանդից, մտավախությունից, որ այստեղ կարող է խաղաղություն հաստատվել, սկսեց գործել տարածաշրջանի երկրների դեմ»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշել է, որ ցանկացած սուվերեն պետություն իրավունք ունի իրականացնել սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը։
«Դա ակնհայտ է։ Հարցն այն է, որ այնտեղ կատարվողը չի արվում հօգուտ հայտարարված նպատակների, այլ խախտում է տարածաշրջանի ուժերի ու պետությունների բալանսը և վնաս տալիս հենց տարածաշրջանի երկրներին։ Եվ տեսնում ենք, որ Արևմուտքը նմանապես խախտել է հարմոնիան կամ ընթացող գործընթացները՝ նաև աշխարհի այլ կետերում», - ասել է Զախարովան։