10/04/2024 09:46
«Հրապարակ». Իշխանության ներսում ևս բազում թևեր ու տրամադրություններ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում ևս բազում թևեր ու տրամադրություններ կան, բուրգը պահողը մի կողմից Փաշինյանից վախն է, մյուս կողմից` կերակրատաշտից զրկվելու վտանգը: Երբեմն ականատես ենք լինում նաև իշխանական պատգամավորներ-նախարարներ առճակատումներին։
Երեկ հերթական դրվագն էր՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի միջև։ Ալեքսանյանը հայտարարեց, թե դիմել է՝ բուժկենտրոնների ղեկավարների պարգևավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց չի ստացել, չեն պատասխանել նաև բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։ Եվ նա մեղադրող-հանդիմանող տոնով սկսեց դաս տալ նախարարին, թե պատգամավորները բյուջե են հաստատում և այդ բյուջեից են բուժհիմնարկներին գումարներ տալիս։ Մասնագիտությամբ իրավաբան նախարարը «տակ չմնաց». «Պարոն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք»:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանն Ավանեսյանի դեմ մի գրոհ էլ ձեռնարկել էր անկանխիկ գործարքների թեմայով։ Անցած շաբաթ էլ Անդրանիկ Քոչարյանն էր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նեղել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և հաշիվ էր պահանջում, թե ինչու է Մարտի 1-ի գործով քննիչ Ամբակում Գրիգորյանը ՔԿԾ պետ նշանակվել: Մինչդեռ բոլորին հասկանալի է, որ այդ պաշտոնին նշանակում է ՀՀ վարչապետը` նախարարի ներկայացմամբ»։